Փոփոխությունների համաձայն՝
- եթե դիմում-հայտարարության մեջ ներառված ընտանիքի ամուսնալուծված անդամը դիմելու պահին ունի անչափահաս երեխա, ապա նա համարվում է այն ծնողի ընտանիքի պարտադիր անդամը, ում հետ դատարանի որոշմամբ ապրում է։ Եթե նման որոշում չկա, երեխան համարվում է մոր ընտանիքի անդամը, իսկ հայրը կարող է ընդգրկվել դիմում-հայտարարությունում առանց երեխայի.
- եթե ընտանիքի բոլոր անդամների տվյալներն առկա են ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից հաշվառված տեղահանված անձանց տվյալների շտեմարանում, ապա այդ ընտանիքի՝ 2023 թ․ սեպտեմբերի 19-ի դրությամբ 6 տարին չլրացած երեխան համարվում է շահառու՝ անկախ նրանից, թե նրա տվյալները առկա են շտեմարանում, թե ոչ.
- ծրագրի շրջանակում առկա դրական մնացորդը հնարավոր կլինի օգտագործել ոչ միայն տան վերանորոգման, այլ նաև անհատական բնակելի տների վերակառուցման ու տնամերձ տարածքի կառուցապատման համար.
- հավաստագիրն իրացրած ընտանիքի՝ հավաստագրում չներառված մեկ կամ երկու անդամներն իրենց չիրացրած հավաստագրերը կարող են միավորել այդ ընտանիքի հավաստագրի հետ։ Այս դեպքում աջակցության գումարը կարող է օգտագործվել որպես դրական մնացորդ ծրագրով սահմանված ուղղություններով և սահմանաչափերով.
- տրամադրվող ֆինանսական աջակցությունը չի կարող արգելադրվել, բռնագանձվել կամ հաշվանցվել շահառուի այլ պարտավորությունների դիմաց։
Նշենք, որ այս պահի դրությամբ Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում հավաստագիր է ստացել 6856 ընտանիք (28,187 անձ), որից 3229 ընտանիքն (14,914 անձ) արդեն իսկ իրացրել է հավաստագիրը: