Կառավարությունը սուբվենցիոն ծրագրերով ավելացնում է բոլոր սահմանամերձ համայնքների ֆինանսավորումը

ՀՀ կառավարությունը հունվարի 13-ի նիստում հավանության արժանացրեց Հայաստանի համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի տրամադրման կարգի մեջ փոփոխություններ կատարելու նախագիծը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նշեց, որ ծրագրերն ավելի արդյունավետ դարձնելու համար ժամանակ առ ժամանակ փոփոխություններ են արվում: Այս տարի առանձնացվել է մոտ 10 փոփոխություն՝ նպատակ ունենալով ավելի բարելավել սուբվենցիոն ծրագրերի իրականացումը:

«Նախորդ տարիներին սահմանամերձ ու բարձր լեռնային համայնքները նշվում էին մեկ տողում: Հիմա փորձել ենք սահմանամերձ համայնքներն առանձնացնել, որպեսզի կառավարության կողմից տրվող աջակցության չափն այդ ուղղությամբ ավելի մեծացվի: Նշեմ, որ փոփոխությունը վերաբերում է բոլոր սահմանամերձ համայնքներին»,-ասաց նախարարը:

Մյուս փոփոխությունը վերաբերում է նախադպրոցական հաստատություններին: Հաշվի առնելով համայնքներում մանկապարտեզների կառուցման գործին նոր թափ հաղորդելու մտադրությունը՝ առաջարկվում է մեծացնել կառավարության աջակցությունը: Աջակցության նվազագույն շեմը սահմանվում է 70 տոկոս՝ անկախ մայրաքաղաքից բնակավայրի հեռավորությունից: Սահմանամերձ ու բարձր լեռնային շրջաններում մինչև 80 տոկոս կառավարության մասնակցություն է նախատեսվում:

Նախարար Գնել Սանոսյանը նշեց, որ այս տարի սուբվենցիոն ծրագրերի աջակցման գործում նոր ուղղություն է ավելացվում:

«Համայնքներում բացակայում է գերարագ ինտերնետը, ուզում ենք մտցնել օպտիկամանրաթելային ցանցի կապուղու կառուցման նոր ուղղություն՝ այսպիսով առաջարկելով, որ կառավարությունը համայնքների հետ մասնակցություն ունենա այս ծրագրի իրականացմանը»,-ասաց նախարարը:

Այս հարցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այստեղ կարևոր է եռակողմ աշխատանքը: Դաշտում հետաքրքրված ընկերություններ նույնպես կարող են մասնակից դառնալ: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ նկատեց, որ ճանապարհների կառուցման գործընթացում որպես կարևոր բաղադրիչ պետք է հաշվի առնվի մալուխների ենթակառուցվածքը:

Հաջորդ փոփոխությունը վերաբերում է ապաստարանների վերանորոգմանն ու կառուցմանը: Նախարարը նշեց, որ համայնքներին հնարավորություն կտրվի կառավարության աջակցությամբ իրականացնել այդ ծրագրերը:

«Մյուս կողմից կառավարությունը կմեծացնի իր մասնաբաժինն այն ծրագրերում, որոնց համար համայնքներն ամենաշատն են դիմում: Խոսքն ասֆալտապատման, ջրագծերի կառուցման մասին է»,-հավելեց նախարարը:

Գնել Սանոսյանը նկատեց, որ տարբեր գործառույթներով տարբեր մարմիններ աշխատանքներն ընդունելու որոշակի ընթացակարգ ունեն: Նախատեսվում է ծրագրերի ավարտից մեկ տարի հետո մշտադիտարկել դրանք, խնդիրների դեպքում համապատասխան որոշումներ ընդունելու համար:

Կարևորելով փոփոխությունները՝ ՀՀ վարչապետը նշեց, որ առաջիկա 5 տարում մտադիր են կառուցել 500 մանկապարտեզ: Սուբվենցիոն ծրագրերի հետ կապված փոփոխությունները հենց այդ նպատակի իրականացմանն են ուղղված:

«Այս փոփոխությունների առիթը մեր ծրագիրն է: Հանրապետությունում առաջիկա հինգ տարում 500 մանկապարտեզ ենք կառուցելու: Մենք փոփոխություն ենք իրականացնում, որ մանկապարտեզների ծրագրերում կառավարությունը համաֆինանսավորի 70-80 տոկոս: Նշենք նաև, որ շահագործումից հետո համայնքն ինքը պետք է հոգա մանկապարտեզի ծախսերը: Հաջորդ փոփոխությունը դեպի արոտներ տանող ճանապարհներին է վերաբերում: Այստեղ նույնպես բարելավումների կարիք կա: Արոտավայրերի 80 տոկոսը չի օգտագործվում: Մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հիմնական պատճառը ճանապարհների բացակայությունն է: Այժմ մենք խրախուսում ենք, որ ճանապարհային ցանց ձևավորվի և ներդրումային հետաքրքրություն առաջանա»,-հավելեց վարչապետը՝ կարևորելով նաև մոնիտորինգի բաղադրիչը:

Related posts

ՀՀ տարածքը չի կարող օգտագործվել երրորդ պետությունների կողմից հարևան պետություններից որևէ մեկի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու համար. ԱԳՆ մամուլի խոսնակ

Փարիզում 100 տարվա մեջ առաջին անգամ թույլատրել են լողալ Սեն գետում

Խանջյան փողոցում ծառի ճյուղերը և նստարանը ընկել են քաղաքացու վրա. նա հոսպիտալացվել է բժշկական կենտրոն