Կառավարությունը սահմանամերձ բնակավայրերի աշակերտներին կտրամադրի դասագրքերի գումարների փոխհատուցում

ՀՀ սահմանամերձ համայնքների հանրակրթական դպրոցներում սովորող աշակերտներին տրամադրվում է դասագրքերի գումարների ամբողջական փոխհատուցում` պետական բյուջեի միջոցներից: Դասագրքերի վարձավճարների փոխհատուցման ծրագիրն իրականացվում է՝ համաձայն ՀՀ կառավարության N 1444-Ն որոշման պահանջների։

Ըստ այդմ` դասագրքերի վարձավճարի աջակցություն են ստանում ՀՀ սահմանամերձ 23 համայնքի 82 բնակավայրերի հանրակրթական դպրոցների 5-12-րդ դասարաններում սովորող աշակերտները: Հաշվի առնելով, որ ՀՀ բոլոր դպրոցներում 1-4-րդ դասարանների աշակերտները դասագրքերը ստանում են անվճար, սահմանամերձ համայնքներում պետական աջակցության ծրագիրն իրականացվում է 5-12-րդ դասարաններում սովորողների համար: Աջակցությունից օգտվում են նաև նշված սահմանամերձ համայնքներում բնակվող միգրանտ սովորողները:

Բացի դրանից` ՀՀ բոլոր դպրոցներում ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված կամ պետության կողմից իրականացվող սոցիալական աջակցության ծրագրերում ընդգրկված ընտանիքների սովորողները ևս ստանում են դասագրքերի ներդրումային գումարների փոխհատուցում, որն իրականացվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով` «Սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների դասագրքերի վարձավճարների փոխհատուցում» ծրագրի շրջանակում: Տվյալ հաստատության սոցիալապես անապահով ընտանիքների սովորողների ցուցակը կազմվում է մանկավարժական և ծնողական խորհուրդների համատեղ նիստում ու հաստատվում տնօրենի կողմից:

Նշենք նաև, որ յուրաքանչյուր տարի՝ մինչև օգոստոսի 20-ը, ԿԳՄՍ նախարարությունը հաստատում է սովորողների ծնողների (օրինական ներկայացուցիչների) կողմից դասագրքերի օգտագործման դիմաց ներդրումային գումարների տարեկան չափը։ Տվյալ դասարանի դասագրքերի համար, այդ թվում՝ նույն առարկայի՝ մեկից ավելի հրատարակչությունների կողմից հրատարակվող դասագրքերի պարագայում կարող է սահմանվել գումարային ներդրման միասնական չափ:

Յուրաքանչյուր տարվա ուսումնական պարապմունքների ավարտից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, սովորողները վերադարձնում են իրենց հատկացված բոլոր դասագրքերը՝ բացառությամբ քննություն և վերաքննություն ունեցող սովորողների, որոնք դասագրքերը հանձնում են մինչև տվյալ ուսումնական տարվա ավարտը: 5-12-րդ դասարանների դասագրքերի համար սահմանվել է առնվազն 5 տարի օգտագործման ժամկետ: Գրադարանում պահվող, երաշխավորված և գործածության մեջ գտնվող դասագրքերի ցանկում ընդգրկված դասագրքերը հաջորդ ուսումնական տարի հատկացվում են համապատասխան դասարանների սովորողներին: Ուսհաստատության բոլորին տեսանելի վայրում փակցվում է տվյալ ուսումնական տարում գործածության երաշխավորված դասագրքերի ներդրումային գումարի չափի վերաբերյալ ԿԳՄՍ նախարարի հրամանի պատճենը:

Related posts

Ընդգծվել է խաղաղության համաձայնագրի ստորագրման կարևորությունը. Տիրանայում հանդիպել են Փաշինյանն ու Էդի Ռամայը

Վայր եմ դնելու մանդատս ու այլևս չեմ զբաղեցնելու համայնքի ղեկավարի պաշտոնը. Դիանա Գասպարյան

Հանդիպում ունեցա Ալբանիայի վարչապետ Էդի Ռամայի հետ. Փաշինյան