Կառավարությունը գիտության ֆինանսավորումը ավելացրել է 85 տոկոսով․ փոխվարչապետ Մաթևոսյանը մասնակցել է նորարական ծրագրի ամփոփմանը նվիրված աշխատաժողովին

Հայաստանի փոխվարչապետ, Բրյուսովի անվան պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Համբարձում Մաթևոսյանն այսօր մասնակցել է նորարական ծրագրերից մեկի՝ Լեզվական և կրթական տեխնոլոգիաների «ՀայԼինգվոՏեք» գերազանցության կենտրոնի ստեղծման ծրագրի արդյունքների ամփոփմանը նվիրված աշխատաժողովին:

Նշենք, որ Ծրագիրը միտված է Հայաստանում տեխնոլոգիահենք կրթության ու հետազոտության զարգացմանը:

Փոխվարչապետը, կարևորելով նման ծրագրերի իրականացումը, ընդգծել է, որ ժամանակակից գիտական և տեխնոլոգիական զարգացումները թելադրում են բարձրագույն կրթության բովանդակության և կազմակերպման ձևերի վերանայում՝ ուսումնառության վերջնարդյունքների բարելավման, կրթական ծրագրերի արդյունավետ իրականացման, աշխատաշուկայի հետ կապերի ամրապնդման, նորարարությունների ներդրման և այլ առումներով:

Համբարձում Մաթևոսյանի խոսքով՝ գիտելիքահենք տնտեսության ստեղծումը առաջնահերթ է դարձնում բարձրագույն կրթության գործընթացում հետազոտության և ուսումնառության միավորումը, ինչը հնարավորություն է ընձեռում պատրաստելու համապատասխան տեսական գիտելիքներով և գործնական հմտություններով ու կարողություններով մասնագետներ, որոնք մրցունակ կլինեն ինչպես Հայաստանի, այնպես էլ համաշխարհային աշխատաշուկայում:

«Այս համատեքստում ցանկանում եմ հատուկ ընդգծել, որ գիտության ոլորտն ավելի մրցակցային և գրավիչ դարձնելու, երիտասարդ կադրեր ներգրավելու ու ոլորտում առաջընթաց ապահովելու նպատակով Կառավարությունը 2022 թվականին գիտության ֆինանսավորումը 2021 թվականի համեմատ ավելացրել է 85 տոկոսով, իսկ գիտական թեմատիկ հետազոտություններին հատկացվող գումարները բարձրացրել է 2,5 անգամ: Շոշափելի առաջընթաց ունենք նաև գիտաշխատողների աշխատավարձի բարձրացման ուղղությամբ․ աշխատավարձերի սանդղակավորման արդյունքում, ատեստավորում իրականացրած կազմակերպություններում, 2022 թվականի հունվարի 1-ից արդեն գործում է գիտաշխատողների էապես բարձր վարձատրության համակարգ, որն ամեն տարի որոշակիորեն աճելու է մինչև 2025 թվականը»,- նշել է փոխվարչապետը և տնտեսության ու աշխատաշուկայի զարգացման ժամանակակից միտումների համատեքստում հրամայական համարել կրթություն-հետազոտություն-նորարարություն-բիզնես ամուր կապի ստեղծումը։

Ամփոփելով ելույթը՝ փոխվարչապետ Մաթևոսյանը աշխատաժողովի մասնակիցներին մաղթել է արդյունավետ աշխատանք:

Նշենք, որ դրամաշնորհային ծրագիրն իրականություն է դարձել Համաշխարհային բանկի «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող «Նորարարությունների մրցակցային հիմնադրամի» ֆինանսավորմամբ:

Related posts

Հաճախակի են դառնում դեպքերը, երբ օձերին վնասում են՝ լրջորեն վտանգելով և՛ իրենց, և՛ կենդանիների կյանքը․ ՇՄՆ զգուշացումը

Հրդեհ Առնո Բաբաջանյան փողոցի նորակառույց չբնակեցված շենքերից մեկում

Արման Խաչատրյանը համատեղության կարգով նշանակվել է Մոնակոյում ՀՀ դեսպան