Կառավարության անդամի երդման տեքստը կփոխվի. խորհրդարանն ընդունեց նախագիծը

Ազգային ժողովը սեպտեմբերի 15-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկված նախագծեր:

Ըստ այդմ՝ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց լիազորությունները ստանձնած Կառավարության անդամի երդման տեքստի վերախմբագրման մասին՝ ««Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագիծը: Ըստ հիմնավորման՝ գործող տեքստն ամբողջապես չի արտացոլում պետության հարատևության, սերունդների առջև պատասխանատվության, պետականության ամրապնդման և զարգացման առանցքային տարրերը:

Կառավարության անդամի երդման տեքստը այսուհետ հետևյալն է. «Հանուն Հայաստանի Հանրապետության հարատևության, անկախության, ինքնիշխանության և զարգացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել Կառավարության անդամի պարտականություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, ծառայել հանրային շահին, պաշտպանել պետական շահը, նպաստել Հայաստանի Հանրապետության պետականության և սահմանադրական կարգի ամրապնդմանը և գործել ի շահ ներկա և ապագա սերունդների»:

Երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց համայնքները խոշորացնելու մասին նախագիծը, համաձայն որի՝ Վանաձոր և Փամբակ համայնքների միավորման արդյունքում Լոռու մարզում կձևավորվի նոր՝ Վանաձոր համայնք՝ 22 բնակավայրով, իսկ Արարատի մարզի Արարատ և Վեդի համայնքների միավորման արդյունքում կձևավորվի Արարատ խոշորացված համայնք՝ 32 բնակավայրով:

Related posts

Հայաստանը COP17-ում մեկնարկել է լեռնային և քաղցրահամ ջրային էկոհամակարգերի Երևանի հարթակը

2027-ից առողջության համընդհանուր ապահովագրությունը հասանելի կլինի ևս ավելի քան 350 հազար քաղաքացու

«Անկախ դիտորդ»․ 142 տեղամասում արձանագրվել է 213 խախտում, սակայն դրանք չեն ազդել ՏԻՄ ընտրությունների արդյունքների վրա