Կայա Կալասն առաջիկայում կայցելի Հայաստան

Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը Հռոմում հանդիպել է Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հանդիպման մասին X-ի իր միկրոբլոգում մանրամասներ է ներկայացրել Կայա Կալասը։ «Հռոմում նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ քննարկեցի իմ առաջիկա այցը Հայաստան։ Ես վերահաստատեցի Եվրամիության ուժեղ հանձնառությունը կապերի խորացման առնչությամբ։ Մենք մտքեր փոխանակեցինք Հարավային Կովկասում իրավիճակի վերաբերյալ՝ ներառյալ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, տարածաշրջանում խաղաղության հաստատման շուրջ»,- գրել է Կալասը։ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ու ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասն ապրիլի 26-ին Հռոմում մասնակցել են Հռոմի Ֆրանցիսկոս պապի հուղարկավորության արարողությանը։ Կայա Կալասն ապրիլի 25-ին այցելել էր Ադրբեջան, հանդիպել այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի և արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Եվրախորհրդարանի և եվրոպական մի շարք երկրների խորհրդարանականներ խիստ քննադատության էին ենթարկել Կայա Կալասին՝ Բաքու կատարած այցի և այնտեղ նրա հնչեցրած հայտարարությունների համար։ 

Related posts

Նոյեմբերի 9-14-ը Հայաստան կժամանեն Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունները

Կրակովի կենտրոնում հրաձգություն է տեղի ունեցել. կան զոհեր և վիրավորներ

«Զվարթնոց»-ում վայրէջք է կատարել բուլղարական GullivAir ավիաընկերության առաջին ինքնաթիռը՝ ազդարարելով Սոֆիա-Երևան-Սոֆիա ուղիղ չվերթների վերագործարկումը