Կալանավորը զանգահարել է պետական գերատեսչություններ և ռումբի տեղադրման մասին կեղծ ահազանգեր հնչեցրել

«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Գ.Բ.-ն 2022 թվականի հոկտեմբերին, նոյեմբերին, դեկտեմբերին, ինչպես նաև 2023 թվականի հունվարին զանգահարել է պետական գերատեսչություններ և ռումբի տեղադրման մասին ահազանգեր հնչեցրել:

Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից։

Մասնավորապես՝ Ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում քննված քրեական վարույթով պարզվել է, որ Գ.Բ.-ն 2022 թվականի հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11:15-ի սահմաններում, քրեակատարողական հիմնարկի ընդհանուր օգտագործման համար նախատեսված հեռախոսահամարով զանգահարել է ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզային վարչություն և հայտնել, որ իր ցուցումով Լոռու մարզի Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի և Լոռու մարզի դատախազության շենքերի նկուղներում տեղադրվել է ռումբ: Դատարանի և դատախազության շենքերում իրականացված ստուգողական գործողությունների արդյունքում ռումբ կամ պայթուցիկ սարքեր չեն հայտնաբերվել:

Մեկ այլ դեպքում՝ 2022 թվականի հոկտեմբերի 7-ին, զանգահարել է Լոռու մարզի փրկարար ծառայություն և հայտնել, որ Լոռու մարզի Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լ.Ա.-ի և Լոռու մարզի դատախազ Կ.Գ.-ի աշխատասենյակներում ռումբ է տեղադրված: Կատարված ստուգողական գործողությունների արդյունքում ռումբ կամ պայթուցիկ սարքեր չեն հայտնաբերվել:

Դրանից բացի՝ 2022 թվականի նոյեմբերի 2-ին և 16-ին Գ.Բ.-ն զանգահարել է Լոռու մարզի փրկարար ծառայություն և տեղեկացրել, որ «Վանաձորի բժշկական կենտրոն»-ում և Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչ Տ.Թ.-ի աշխատասենյակում տեղադրված է ռումբ և պայթուցիկ սարք: Տեղեկությունը ստուգվել է և պարզվել, որ ահազանգն իրականությանը չի համապատասխանում:

2022 թվականի դեկտեմբերի 2-ին, 21-ին, և 30-ին Գ.Բ.-ն կրկին զանգահարել է Լոռու մարզի փրկարար ծառայություն, Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն և Արդարադատության նախարարություն ու տեղեկացրել, որ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մ.Ա.-ի աշխատասենյակում, Երևան քաղաքի դատախազության և Արդարադատության նախարարության շենքերում ռումբ կա տեղադրված: Ստուգողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Գ.Բ.-ի հայտնած տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում:

2023 թվականի հունվարի 6-ին Գ.Բ.-ն զանգահարել է ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ ԱԱԾ Լոռու մարզային վարչության շենքում ռումբ կա տեղադրված: Ձեռնարկված ստուգողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում:

2023 թվականի մայիսի 26-ին հսկող դատախազի կողմից Գ.Բ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ 01.07.2022 թվականին ուժի մեջ մտած Քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով (ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ հայտնելը) (չորս դրվագ) և 314-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ հայտնելը, որը անզգուշությամբ առաջացրել է հիմնարկի գործունեության կազմալուծում կամ ծանր հետևանք) (վեց դրվագ):

Դատախազը 2023 թվականի հունիսի 2-ին հաստատել է մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related posts

Իրանի օրենսդիրները խնդրում են Խամենեիին թույլատրել ԱՄՆ հասնող միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների մշակումը. Asriran

Ֆիզիկական անձինք այսուհետ կարող են հայտարարագիրը ներկայացնել նաև լիազորված անձի միջոցով

207 հազարից ավելի ընտրող, 220 ընտրատեղամաս` Շիրակի մարզում