«Ծիծեռնակաբերդի խճուղի» 4 հասցեում գտնվող անշարժ գույքը փորձ է արվել ձեռք բերել կադաստրային արժեքից հինգ անգամ ցածր գնով. գործն ուղարկվել է դատարան

«Հավաքական թիմերի մարզական կենտրոն» ՓԲ ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) տնօրենը, 2003 թվականից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 2-ը, իր հետ փոխկապակցված անձի անվամբ հիմնադրել և 2007 թվականի փետրվարի 5-ին նույն անձի անվամբ ձևականորեն գրանցել է «Օլիմպիական ապագա» ՍՊ ընկերությունը: 2007 թվականի մայիսի 23-ին «Հավաքական թիմերի մարզական կենտրոն» ՓԲ ընկերության կողմից 25 տարի ժամկետով վարձակալության պայմանագիր է կնքվել փաստացի նույն Ընկերության տնօրենին պատկանող «Օլիմպիական ապագա» ՍՊ ընկերության հետ, որով վերջիններիս են փոխանցվել 2003 թվականին սեփականության իրավունքով «Հավաքական թիմերի մարզական կենտրոն» ՓԲ ընկերությանը հանձնված՝ Ծիծեռնակաբերդի խճուղի 4 հասցեում գտնվող անշարժ գույքի (դպրոց-կենտրոն)՝ 6580,8 քմ մակերեսով և 1.1807 հա մակերեսով հողատարածքի տիրապետման և տնօրինման իրավունքները: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:
«Օլիմպիական ապագա» ՍՊ ընկերությունը, 2007 թվականի մայիսի 23-ից մինչև 2019 թվականի հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում, տարբեր կազմակերպությունների հետ կնքած պայմանագրերով՝ «Հավաքական թիմերի մարզական կենտրոն» ՓԲԸ-ին պատկանող անշարժ գույքը (մարզադահլիճները) վարձակալությամբ տրամադրել է տարբեր կազմակերպությունների՝ ստանալով 110 մլն 569 հազար 800 դրամ եկամուտ, որից 56 մլն 100 հազար դրամն է միայն փոխանցվել «Հավաքական թիմերի մարզական կենտրոն» ՓԲԸ-ին:
Բացի այդ՝ Ընկերության տնօրենը 2000 թվականի նոյեմբերի 24-ից լինելով «Արևելյան Օազիս» ՍՊ ընկերության սեփականատերը, Ծիծեռնակաբերդի խճուղի 4 հասցեում գտնվող գույքի մասնաշենքերից մեկում իրականացրել է ձեռնարկատիրական գործունեություն՝ մատուցելով սրճարանային և հյուրանոցային ծառայություններ:
Ընկերության տնօրենը նպատակադրվել է նաև խաբեությամբ հափշտակել Ծիծեռնակաբերդի խճուղի 4 հասցեում գտնվող անշարժ գույքը՝ ներառյալ 6580,8 քմ մակերեսով և 1.1807 հա մակերեսով հողատարածքը: Այդ նպատակով՝ 2007 թվականի մայիսի 23-ին վարձակալության պայմանագրում ամրագրել է, որ վարձակալն իրավունք ունի գնել գույքը՝ վճարելով 56 մլն 142 հազար դրամ:
Դրանից հետո, Ընկերության տնօրենին փաստացի պատկանող և վերջինիս կողմից կառավարվող «Օլիմպիական ապագա» ՍՊԸ-ի բոլոր 10 բաժնետոմսերն իր հետ փոխկապակցված անձի կողմից վաճառվել են Ընկերության տնօրենի կնոջը:
Հանցագործությունն ավարտին չի հասցվել իրենց կամքից անկախ հանգամանքներով, քանի որ «Օլիմպիական ապագա» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարչի և ՓԲԸ-ի նոր տնօրենի կողմից դիմում է ներկայացվել ՀՀ կադաստրի կոմիտե՝ իրավունքի դադարման պետական գրանցում իրականացնելու վերաբերյալ:
2024 թվականի փետրվարի 7-ին հսկող դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Ընկերության տնօրենի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 277-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը), 44-255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (խարդախության փորձ) և 457-րդ հոդվածի 1-ին մասով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը), Ընկերության տնօրենի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 44-255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (խարդախության փորձը):
Դատախազը 2024 թվականի փետրվարի 15-ին հաստատել է Ընկերության տնօրենի և վերջինիս կնոջ վերաբերյալ մեղադրական եզրակացությունն ու վարույթի նյութերի հետ հանձնել դատարան:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related posts

Բարձր ենք գնահատում ՄԹ շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին. Նիկոլ Փաշինյան

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի՛ շրջանավարտներ, բոլորիդ հրավիրում եմ ընդգրկվելու ՀՀ կառավարության կադրային բանկում․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ