Ծիծաղելի է պնդել, որ Ադրբեջանը սպառնում է ուժ կիրառել Հայաստանի նկատմամբ․ Ադրբեջանի ԱԳՆ-ն ՀՀ ԱԳՆ-ին

Անդրադառնալով 2023 թվականի մայիսի 28-ին «Լաչինի շրջանում ԱՀ նախագահ պարոն Իլհամ Ալիևի արտահայտած կարծիքներին և կոչերին՝ մենք կտրականապես մերժում ենք Հայաստանի արտաքին գործերի նախարարության մեկ այլ անհիմն կողմնակալ հայտարարություն» (չակերտները Tert.am-ի)։ Այս մասին հայտարարություն է տարածել Ադրբեջանի ԱԳ նախարարությունը՝ անրդառնալով ՀՀ ԱԳՆ-ի երեկվա հայտարարությանը կապված Իլհամ Ալիևի սպառնալիքների հետ։

Ադրբեջանական կողմը Ալիևի հայտարարությունները ներկայացրել է որպես «տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հարգման անհրաժեշտության, Ադրբեջանի ներքին գործերին միջամտության անթույլատրելիության և քայլերի վճռական զսպմանն ուղղված կոչեր» (չակերտները Tert.am-ի)։

«Տարածաշրջանում անջատողականության խթանումը ցույց է տալիս, որ Հայաստանի ԱԳՆ-ն դասեր չի քաղում պատմությունից»,- նշել է Բաքուն։

«Ծիծաղելի է պնդել, որ Ադրբեջանը սպառնում է ուժ կիրառել Հայաստանի նկատմամբ, որը ագրեսիա է իրականացրել Ադրբեջանի դեմ՝ հակադրվելով ՄԱԿ-ի կանոնադրությանը և միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին, որը չի դադարեցրել օկուպացիան՝ անտեսելով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 4 բանաձևերը»,- ասված է Բաքվի հայտարարության մեջ։

Բաքուն Երևանի հասցեի նաև մեղադրանք է հնչեցրել՝ նշելով, թե «մի երկրի համար, որը արտաքսել է ողջ ադրբեջանական բնակչությանը ոչ միայն օկուպացված ադրբեջանական տարածքներից, այլև Հայաստանից, բացարձակապես անհիմն է պնդել, թե Ադրբեջանը իբր մտադիր է «էթնիկ զտումներ» իրականացնել Ադրբեջանի Ղարաբաղի շրջանում բնակվող հայերի նկատմամբ» (չակերտները Tert.am-ի)։

«Ադրբեջանը մտադիր է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը տեղի հայ բնակիչների վերաինտեգրման ուղղությամբ»,- հավելել է Բաքուն։

«Այսպիսով, լավ կլինի, որ հայկական կողմը, խաղաղարար ջանքերին խոչընդոտելու, կեղծ ու սուտ հայտարարություններ անելու փոխարեն, խոսքով ու գործով ընդունի մեր երկրի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը»,- հայտնել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը։

Ալիևը Լաչինում հայտարարել էր, թե «խաղաղության պայմանագիրը պետք է հիմնված լինի միջազգային պայմանների վրա, պետք է բացվի Նախիջևան տանող ճանապարհը, և հայկական զորքը պետք է դուրս գա Արցախից» (չակերտները Tert.am-ի)։

«Սրանք են մեր պայմանները, և այդ պայմանների մասին ես հայտարարում եմ այստեղ ՝ Լաչին քաղաքում։ Թող չմոռանան, որ այստեղից նաև երևում են Հայաստանի գյուղերը»,- սպառնացել էր Ադրբեջանի նախագահը։

Related posts

Փրկարարներն իրականացնում են քամու հետևանքով տապալված և կոտրված ծառերի մասնատման, հեռացման աշխատանքներ

ՀՀ տարածքը չի կարող օգտագործվել երրորդ պետությունների կողմից հարևան պետություններից որևէ մեկի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու համար. ԱԳՆ մամուլի խոսնակ

Փարիզում 100 տարվա մեջ առաջին անգամ թույլատրել են լողալ Սեն գետում