Ծառայակիցը կրակել է զինծառայողի ուղղությամբ, ապա՝ վերջինիս կողմից անդամախեղման իմիտացիա ստեղծել. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում՝ ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայողի կողմից անդամախեղում կատարելու նախնական իրավական գնահատականով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված ապացուցողական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի իրական հանգամանքները։ Այս մասին տեղեկացնում են ՔԿ-ից:

«2023 թ. սեպտեմբերի 19-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 11։10-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Ա.Գևորգյանը նույն հենակետի մեկ այլ պայմանագրային զինծառայողին ամրակցված «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգով կատարել է անդամախեղում՝ աջ ոտքի շրջանում մեկ կրակոց արձակելով, որի հետևանքով զինվորական ծառայության պարտականությունների կատարումը ժամանակավորապես դադարեցվել են։

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 528-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված բազմակողմանի քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Վ.Մ.-ն, 2023 թ. օգոստոսի 31-ից որպես դիտորդ ընդգրկված լինելով մարտական հերթապահության նույն զորամասի պահպանության տեղամասում գտնվող մարտական դիրքում, սեպտեմբերի 19-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, մարտական դիրքում, զինվորական ծառայության պարտականությունները կատարելու հետ չկապված, ոտնաթաթն անզգուշությամբ տրորելու հարցի շուրջ, վիճաբանել է ավագի օգնական, պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Ա.Գ.-ի հետ։ Այդ ընթացքում իր պարտականությունները կատարելու փոխարեն դրսևորելով զինվորական պատվի հասկացողության և զինծառայողների արժանապատվության հետ անհամատեղելի վարքագիծ՝ Վ.Մ.-ն մարտական դիրքի զինաբուրգից վերցրել է նույն մարտական դիրքի ավագին ամրակցված «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգը, բացել է զենքի ապահովիչը, լիցքավորել այն և մենահատ մեկ կրակոց է արձակել դեպի օդ։ Ապա մեկ մենահատ կրակոց է արձակել Ա.Գ.-ի ուղղությամբ՝ վերջինիս առողջությանը պատճառելով ծանր վնաս։

Դեպքից անմիջապես հետո Վ.Մ.-ն լիցքաթափել է նշված ինքնաձիգը, փամփշտանոցից դուրս եկած փամփուշտ տեղադրել պահեստատուփի մեջ, իսկ պահեստատուփն ամրացրել ինքնաձիգին, որից հետո ինքնաձիգը տվել է Ա.Գ.-ին, որպեսզի վերջինիս մատնահետքերը մնան ինքնաձիգի վրա։ Այնուհետև Վ.Մ.-ն նետել է գետնին հայտնաբերված կրակված գնդակը և դիրքի անձնակազմին հորդորել, որ դեպքը ներկայացնեն այնպես, թե իբր Ա.Գ.-ն ինքն է պատահաբար կրակել իր ոտքին: Բացի այդ, կրտսեր սերժանտ Վ.Մ.-ն դիրքի անձնակազմից երկու զինծառայողի հանձնարարել է մաքրել Ա.Գ.-ի ոտքից թափված արյունը՝ դեպքի իրական հանգամանքները թաքցնելու համար:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Վ.Մ.-ին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 519-րդ հոդվածի 1-ին մասով և 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով: Վերջինս կալանավորվել է։

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related posts

Քննարկվում է ԱԺ աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Նազելի Բաղդասարյանի թեկնածությունը

Ձեզ պահեք կարգ ու կանոնով. Ազգային ժողովում իրավիճակը լարվեց. ընդդիմությունը լքեց դահլիճը

Ադրբեջանի տեղեկատվական դաշտում առկա են Ռուսաստանի նկատմամբ ոչ բարեկամական նարատիվներ. Զախարովա