Ծայրահեղ ծանր վիճակում է 222 մարդ․ քննարկվել է կորոնավիրուսի համավարակով պայմանավորված իրավիճակը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվել է հանրապետությունում կորոնավիրուսի համավարակով պայմանավորված իրավիճակը և պատվաստումային գործընթացը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշել է, որ վերջին օրվա ընթացքում հանրապետությունում իրականացվել է 19 հազար 360 թեստավորում, որից հաստատվել է հիվանդացության 1863 դեպք: Նախարարի խոսքով՝ հոկտեմբերի 1-ից կիրառվող կանոնների արդյունքում քաղաքացիների թեստավորման տեմպերը կտրուկ աճել են, ինչի արդյունքում աճել է նաև դրական պատասխանների թիվը: Սա նրա խոսքով, նպաստում է նաև վարակի վաղ հայտնաբերմանն ու հետագա տարածման կանխարգելմանը: Նախարարի տեղեկացմամբ, հանրապետությունում կորոնավիրուսի բուժման նպատակով ծավալվել է 22 բժշկական կենտրոն, առաջիկա օրերին մահճակալների թիվը կավելացվի ևս 350-ով՝ հասնելով 2877-ի:

Երևանի, Սևանի և Հրազդանի մի քանի ԲԿ-ներում երկուշաբթի օրվանից կառանձնացվեն կորոնավիրուսի բուժման նոր բաժանմունքներ: Ներկայումս ԲԿ-ների ստացիոնար բաժանմունքներում զբաղված է 2019 մահճակալ, ևս 382 մահճակալ զբաղված է վերակենդանացման բաժանմունքներում: Նշվել է, որ ծանր վիճակում է գտնվում 930, ծայրահեղ ծանր վիճակում՝ 222 մարդ, ևս 89 պացիենտ միացված է թոքերի օդափոխման սարքավորումներին:

Անդրադառնալով պատվաստումների գործընթացին՝ նախարարը նշել է, որ վերջին մեկ օրում պատվաստվել է 16 հազար 722 քաղաքացի, ընդհանուր պատվաստված քաղաքացիների թիվը հասել է 583 հազար 745-ի:

Ծավալվել է մտքերի փոխանակություն կորոնավիրուսի տարածումը կանխարգելող հակահամաճարակային կանոնները պահպանելու և պատվաստման գործընթացը խթանելու անելիքների շուրջ: Անդրադարձ է կատարվել ԱՆ կողմից հաստատված՝ 2021թ. հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտած հրամանի արդյունքներին, համաձայն որի՝ տնտեսական գործունեություն իրականացնողները պետք է իրենց աշխատակիցներից պահանջեն պատվաստման սերտիֆիկատ կամ 14 օրը մեկ անգամ ՊՇՌ թեստավորման բացասական արդյունք:

Քննարկվել են կորոնավիրուսի տարածման դեմ իրականացվող միջոցառումների հետևողական իրականացմանն ու դրանց արդյունավետության ապահովմանը վերաբերող մի շարք հարցեր: Այդ համատեքստում կարևորվել է պատվաստման գործընթացի տեմպերի, ենթակառուցվածքային հզորությունների շարունակական ավելացումը, հատկապես փակ տարածքներում դիմակների կրման գործընթացի ուղղությամբ խիստ վերահսկողության ապահովումը:

Վարչապետը պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարել է ակտիվորեն շարունակել հակահամաճարակային կանոնների խախտումների դեմ պայքարը, նոր թափ հաղորդել պատվաստումների գործընթացի խթանմանը՝ համաճարակային իրավիճակը կառավարելի շրջանակում պահելու և հանրային առողջապահական պատասխանատվություն ապահովելու նպատակով: Այս համատեքստում կարևորվել է հանրային լայն իրազեկումը:

Related posts

Բարձր ենք գնահատում ՄԹ շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին. Նիկոլ Փաշինյան

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի՛ շրջանավարտներ, բոլորիդ հրավիրում եմ ընդգրկվելու ՀՀ կառավարության կադրային բանկում․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ