Խուլիգանություն Գնդեվազում․ կան բերման ենթարկվածներ ու ձերբակալվածներ

Ոստիկանության Ջերմուկի բաժնի ծառայողների ձեռնարկած անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել են Գնդեվազում ծեծկռտուքի հանգամանքները, կան բերման ենթարկվածներ ու ձերբակալվածներ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։ «Սեպտեմբերի 15-ին, ժամը 22.40 մի քաղաքացի զանգահարել է ոստիկանություն և հայտնել, որ Գնդեվազ գյուղում մեծ կռիվ է: Ոստիկանության Ջերմուկի բաժնի ծառայողների ձեռնարկած անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ծեծկռտուքի վերածված վեճը ծագել է օրեր առաջ, երբ բողոքի ակցիա իրականացնողները, անտեսելով համընդհանուր ճանաչված բարոյական նորմերը, հանքավայրում աշխատող կամ աշխատելու ցանկություն հայտնած քաղաքացիների գործողությունները համարելով սխալ, իրենց առավելությունն ընդգծելու նպատակով հնչեցրել են սեռական բնույթի հայհոյանքներ: Այս հարցի շուրջ պարզաբանումների համար էլ սեպտեմբերի 15-ին, ժամը 22-ին, կողմերը հավաքվել են Գնդեվազ գյուղի բնակելի տների մոտ` «Խաչերի գլուխ» կոչվող վայրում: Կողմերից մեկական հոգի առանձնացել են, սակայն համաձայնության չգալով` սկսել են իրար հայհոյել ու հարվածել: Կռվին միջամտել են մյուսները, և անտեսելով, որ գտնվում են տների մոտ, բնակիչների ներկայությամբ մոտ 40 րոպե միմյանց հասցեին հնչեցրել են սեռական բնույթի հայհոյանքներ, իրար հարվածել ձեռքերով, ոտքերով, քարերով, փայտե մահակներով ու երկաթե ձողերով` պատճառելով մարմնական վնասվածքներ:

Զանգվածային վիճաբանության ժամանակ բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը, տեսնելով մոտեցող մի մեքենա, քարով կոտրել է դիմապակին: Նրա օրինակին հետևել են նաև բողոքի ակցիայի այլ մասնակիցներ, նաև քաշել-պոկել են մեքենայի էլեկտրական մալուխները:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել ու վերցվել են փայտե մահակներ, երկաթյա ձողեր ու քարեր:
Խուլիգանության փաստով ոստիկանության Ջերմուկի բաժնում հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է քննչական կոմիտե:

Առերևույթ խուլիգանություն կատարելու կասկածանքով երեք հոգի բերման է ենթարկվել և ձերբակալվել: Կատարվում է նախաքննություն:

Հորդորում ենք նմանատիպ ակցիաների մասնակից բոլոր կողմերին` գործել բացառապես օրինականության սահմաններում, հարգել այլոց իրավունքն ու ոչ մի պարագայում չխախտել հասարակական կարգը, այլապես իրավապահների միջամտությունը չի ուշանա»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related posts

Իսակով-Բագրատունյաց ճանապարհին՝ կամրջի տակ, մեքենաներ են բախվել․ կան տուժածներ և մեկ զոհ

Ադրբեջանը Հայաստանի ԶՈՒ դիրքերի ուղղությամբ կրակ չի բացել․ ՊՆ

Երևանում կայանալիք «Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողով 2024» միջոցառման կազմակերպման աշխատանքները համակարգելու նպատակով կստեղծվի միջգերատեսչական հանձնաժողով