Խորհրդարանը քննարկել է Հայաստանի եւ Հունաստանի միջեւ ռազմատեխնիկական համագործակցության խորացմանն առնչվող համաձայնագիրը

Համաձայնագրի նպատակն է ընդլայնել եւ խորացնել երկու երկրների միջեւ առկա ռազմատեխնիկական համագործակցության գործընթացը. տեղեկացրել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը` հունիսի 11-ի ԱԺ նիստում քննարկման ներկայացնելով ««ՀՀ կառավարության եւ Հունաստանի Հանրապետության կառավարության միջեւ ռազմատեխնիկական համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:

Համաձայնագրով սահմանվում են ռազմատեխնիկական բնագավառում համագործակցության ուղղությունները, անհրաժեշտ մասնագետների եւ տեխնիկական անձնակազմի պատրաստման գործընթացը, ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպություններին աջակցությունը եւ համագործակցության իրականացման միջոցները:

Համագործակցության ուղղություններ են հանդիսանալու զենքի եւ ռազմամթերքի արտադրությանը, տեխնոլոգիաների փոխանցումը եւ տեխնիկական աջակցությունը: Ինչպես նաեւ ռազմամթերքի արտադրության, ռազմական հետազոտությունների եւ գնահատման ոլորտներում փորձի փոխանակումը, ռազմական նշանակության ապրանքների արտադրության համատեղ կազմակերպությունների հիմնումը, ռազմաարդյունաբերության ոլորտում մասնագիտական կրթության վերապատրաստման եւ որակավորման ծրագրերի իրականացումը:

Արման Սարգսյանը նշել է, որ համաձայնագրի դրույթների իրագործման նպատակով կողմերի լիազոր մարմին են հանդիսանալու երկու երկրների պաշտպանության նախարարությունները, ստեղծվելու է ռազմատեխնիկական համագործակցության համատեղ հանձնաժողով:

Հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վիլեն Գաբրիելյանը:

Related posts

Հաճախակի են դառնում դեպքերը, երբ օձերին վնասում են՝ լրջորեն վտանգելով և՛ իրենց, և՛ կենդանիների կյանքը․ ՇՄՆ զգուշացումը

Հրդեհ Առնո Բաբաջանյան փողոցի նորակառույց չբնակեցված շենքերից մեկում

Արման Խաչատրյանը համատեղության կարգով նշանակվել է Մոնակոյում ՀՀ դեսպան