Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Ընտրական օրենսգրքում փոփոխություններ նախատեսող նախագիծը

Ազգային ժողովի՝ հունվարի 23-ին արտահերթ նիստին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց ««Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը: 

Քվեարկության արդյունքում նախագծին կողմ քվեարկեց 66 պատգամավոր, դեմ՝ 2, ձեռնպահ՝ 0:

Նախքան նախագծի ընդունումը ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը ելույթի շրջանակում հայտարարեց, որ ընդունվել է օրենքի նախագիծ, որով փախանվում է դիտորդական առաքելությունների անվան քողի ներքո քաղաքական միավորների մուտքն ընտրատեղամասեր, որտեղ վերջիններս ենթադրաբար ոչ թե ընտրական գործընթացների վերահսկողություն պետք է իրականացնեն, այլ քաղաքական ուղղորդումներ:

Նախագիծը ներկայացնելիս հիմնական զեկուցող, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը նշել էր, որ Ընտրական օրենսգիրքը սահմանում է, որ դիտորդը պետք է լինի անկողմնակալ և չեզոք, իսկ դիտորդական առաքելությունները չպետք է աջակցեն ընտրություններին մասնակցող կուսակցություններին, սակայն գործող օրենսդրությունը միաժամանակ բավարար մեխանիզմներ չի սահմանում առ այն, թե ինչ է տեղի ունենում, երբ այս կանոնը խախտվում է: Ըստ այդմ՝ նախագծով առաջարկվում է, որ, օրինակ, ԿԸՀ-ն իրավունք ունի վարույթ հարուցել և ուժը կորցրած ճանաչել դիտորդական առաքելության հավատարմագրումը:

Արուսյալ Ջուլհակյանը նաև տեղեկացրել էր, որ առաջինից երկրորդ ընթերցում նախագծում կատարվել են փոփոխություններ:

Հիշեցնենք, որ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը բոյկոտել էր արտահերթ նիստը և լքել դահլիճը:

Related posts

ԿԸՀ-ն ամփոփել է բոլոր 2005 տեղամասերի նախնական արդյունքները

ԿԸՀ-ն ամփոփել է 1924 ընտրատեղամասի նախնական արդյունքները

1596 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ