Խաղաղության համաձայնագիրն այժմ պատրաստ է ստորագրման, և ՀՀ-ն պատրաստ է ավարտին հասցնել այդ պատմական քայլը. Արշակյանի ելույթը

Միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի շրջանակում ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը:

«Տիկին նախագահ,

Ձերդ գերազանցություններ,

Հարգելի՛ խորհրդարանականներ, տիկնա՛յք և պարոնա՛յք,

Առաջին հերթին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ուզբեկստանի մեր ընկերներին հյուրընկալության բարձր մակարդակի համար գեղեցիկ քաղաք Տաշքենդում:

Այսօր Հայաստանում նշվում է Մայրերի և կանանց ազգային օրը, և ես ցանկանում եմ շնորհավորել այս դահլիճում ներկա բոլոր կանանց, մաղթել բոլորիդ խաղաղություն ու բարգավաճում:

Ինձ համար մեծ պատիվ է այսօր ելույթ ունենալ ձեր առջև այս կարևոր պահին, երբ մենք միասին աշխատում ենք ավելի արդար, խաղաղ և բարեկեցիկ աշխարհ կառուցելու ուղղությամբ:

Հավաքվելով Միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովում՝ մենք միասնական ենք լուծելու այն հրատապ խնդիրները, որոնց բախվում ենք: Ամբողջ աշխարհում մենք բախվում ենք բարդ խնդիրների, որոնք սպառնում են մեր ապագային, եթե անգործության մատնվենք:

Մենք հավաքվել ենք այստեղ՝ մասնակցելու կարևոր քննարկումներին այն ապագայի վերաբերյալ, որը մենք ցանկանում ենք կառուցել. ապագա, որը հիմնված է արդարության, հավասարության եւ, առաջին հերթին, խաղաղության վրա:

Հայաստանը հավատում է, որ իրական զարգացումն ավելին է, քան տնտեսական աճը: Մենք քննարկում ենք ստեղծել այնպիսի համակարգեր, որոնք քաղաքացիների համար կապահովեն սոցիալական պաշտպանություն, հավասար հնարավորություններ և արժանապատվություն:

Հայաստանում մենք քրտնաջան աշխատում ենք բնակչության խոցելի խմբերի կարիքները բավարարելու ուղղությամբ՝ ձգտելով, որ առողջապահությունը, կրթությունը և ապահովված լինելը ոչ թե արտոնություն լինեն քչերի համար, այլ իրավունքներ բոլորի համար:

Մենք նաև կենտրոնանում ենք սոցիալական ներառականության վրա՝ հոգ տանելով, որ բոլորը՝ անկախ սեռից, էթնիկ պատկանելությունից կամ ծագումից, հնարավորությունների հասանելիություն ունենան: 2024 թվականի համեմատ 2025 թվականին Հայաստանը 14,9 տոկոսով ավելացրել է սոցիալական պաշտպանության ծախսերը:

Նման գործողությունների միջոցով է, որ մենք ամրապնդում ենք ժողովրդավարությունը, կառուցում ենք ավելի ամուր հասարակություն:

Հայաստանում մենք գիտենք, որ խաղաղության հաստատումը երկար և երբեմն դժվար գործընթաց է, որի համար արդարացված են բոլոր ջանքերը:

Այս ոգով մենք վերջերս զգալի քայլ կատարեցինք:

Հայաստանը հաստատում է, որ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի նախագիծը հավանության է արժանացել, և բանակցությունները հաջողությամբ ավարտվել են: Խաղաղության համաձայնագիրն այժմ պատրաստ է ստորագրման, և Հայաստանը պատրաստ է ավարտին հասցնել այդ պատմական քայլը:

Մենք հրավիրում ենք Ադրբեջանին միանալ մեզ՝ մեր երկու ժողովուրդների համար խաղաղ և բարգավաճ ապագայի ճանապարհին այս կարևոր քայլի իրականացման գործում:

Շնորհակալություն»,- նշել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը:

Related posts

Հայտնաբերվել է ՀՀ ներկրված շուրջ 12 կգ քաշով «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց. ՊԵԿ

Տավուշում իրականացվելու են ականազերծված ականների պայթեցման աշխատանքներ. ՀՀ ՊՆ

Երևանի քաղաքապետարանի պաշտոնյա է կալանավորվել