Լռության օր է. Հայաստանը պատրաստվում է քվեարկության

Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ հունիսի 19-ը լռության օր է։ ՀՀ ընտրական օրենսգրքի 4-րդ գլխի 19-րդ հոդվածի համաձայն` քվեարկության և դրան նախորդող օրը քարոզչությունը հրապարակային ելույթների, հրապարակային միջոցառումների, ինչպես նաև տպագիր մամուլի, վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող ռադիոընկերությունների և հեռուստաընկերությունների (այդ թվում` արբանյակային հեռարձակման ժամանակ) միջոցով արգելվում է:

Արտահերթ խորհրդարանական ընտրությունները կկայանան հունիսի 20-ին. քվեարկության համար ընտրատեղամասերը կբացվեն 08։00-ին։ Տեղի է ունեցել նաև էլեկտրոնային եղանակով քվեարկություն, որն ավարտվել է հունիսի 13-ին. ցուցակներում ներառված էր 650 անձ։

Ընտրություններին մասնակցում է 25 քաղաքական ուժ՝ 21 կուսակցություն և 4 դաշինք: Ընտրողներն ընտրատեղամասում ստանալու են մասնակցող քաղաքական ուժերի թվին համապատասխան քվեաթերթիկներ, ընտրելու են դրանցից միայն մեկը, դնելու են ծրարի մեջ ու գցելու քվեատուփը: Ընտրողները քվեաթերթիկի վրա գրիչով որևէ նշում չեն կատարելու։

Հայաստանում ընտրությունների լուսաբանման համար հավատարմագրվել են օտարերկրյա 49 և տեղական 68 լրատվամիջոցներ։

Դիտորդական առաքելություն կիրականացնեն միջազգային 8 և տեղական 19 կազմակերպություններ։

Ըստ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալի` Հայաստանում ընտրելու իրավունք ունի 2 միլիոն 583 հազար 823 անձ։ Հանրապետության ողջ տարածքում 38 ընտրատարածքներում կգործի 2008 տեղամաս։

Աղբյուր՝ «Արմենպրես»

Related posts

Ցավով տեղեկացա առողջապահության նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանի մահվան մասին. Անահիտ Ավանեսյան

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանի մարմինը