Լոռու և Տավուշի մարզերում տարբեր բնակավայրերից տարհանվել է 269, փրկվել` 120 մարդ, կա 3 զոհ. ՆԳՆ

Համաձայն օպերատիվ իրավիճակի՝ ժամը 22․00-ի դրությամբ Լոռու և Տավուշի մարզերում Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերի վարարման հետևանքով փրկարարական աշխատանքներ են իրականացնում ՆԳՆ փրակարար ծառայության 30 մարտական հաշվարկ, ներգրավված են 324 փրկարարական ծառայող։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՆԳ նախարարությունը՝ թարմացված տեղեկատվություն ներկայացնելով:

Որոնողափրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքները շարունակվում են, որոնց արդյունքում փրկարարների և ներգրավված այլ ուժերի միջոցով Լոռու և Տավուշի մարզերում տարբեր բնակավայրերից տարհանվել է 269, փրկվել` 120 մարդ, մասնավորապես՝ 347 մարդ՝ Լոռու մարզում և 42 մարդ՝ Տավուշի մարզում:

Աղետի գոտում կա 3 զոհ։

Սանահինի կամրջի մոտակայքից փրկարարները դուրս են բերել անձը չպարզված քաղաքացու դի: Պտղավան բնակավայրի ֆուտբոլի դաշտի հարևանությամբ գետից դուրս է բերվել Հաղթանակ բնակավայրի բնակիչ (1948 թ․) Ավագ Ավագյանի դին։

Շնող գյուղի մոտակայքում գետից դուրս է բերվել Սարիբեկ Բալյանի (1985 թ․) դին: Տավուշի մարզում փլուզվել է 2 կամուրջ, վնասվել՝ 1-ը, փլուզվել են 3 բնակելի տուն, ջրալցվել՝ 45 տուն, 2 հյուրանոց, 18 հասարակական և այլ նշանակության օբյեկտներ։

Տավուշի մարզում մարզպետարանի կողմից աշխատանքներին ներգրավվել է 25 միավոր ինժեներական տեխնիկա (20 ինքնաթափ և 5 ամբարձիչ)։

Լոռու մարզում Դեբեդ գետի վարարման հետևանքով Մ6 ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի հատվածի 31-րդ կմ-ը հեղեղվել է, և մոտ 50 մ երկարությամբ հատվածը փլուզվել է, վնասվել են գետի վրայով անցնող 7 կամուրջներ և տարբեր նշանակության 70 շենք-շինություններ։ Լոռու մարզի մի շարք բնակավայրերի մոտեցման ուղիները, մասնավորապես՝ կամուրջները վնասվել կամ հայտնվել են ջրի տակ. դեպի բոլոր այդ բնակավայրեր կան այլընտրաքային, և հնարավորություն կա առաջին անհրաժեշտության պարագաներ հասցնելու։

Այդ աշխատանքներին ներգրավված են նաև փրկարարները, ովքեր անհրաժեշտ իրերն ու պարագաները փոխանցում են գետանցման միջոցով։

Գետանցման միջոցով նաև բնակչության տարհանում է իրականացվել Սանահին կայարանում։

Ըստ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի՝ վարորդներին հորդորվում է դեպի Վրաստանի սահման ուղևորվելիս Մ-6-ը շրջանցել Մ-3 Մարգարա-Վանաձոր-Տաշիր-ՀՀ սահման և Մ-1 Երևան-Գյումրի-ՀՀ սահման միջպետական ավտոճանապարհներով։ Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ փակ են Վանաձոր–Ալավերդի–Այրում–Բագրատաշեն և Դիլիջան–Իջևան երթուղիները։

Related posts

ՔՊ վարչության նիստում քննարկվել են կուսակցական, քաղաքական և հանրային կարևորություն ունեցող հարցեր

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բացառապես պետական հանձնաժողովների համատեղ աշխատանքների շրջանակներում․ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Աննա Հակոբյանը բարձրագույն կրթությունը կշարունակի Չինաստանում, Մարինե Հակոբյանը կսովորի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում