ԼՂ-ում հայերի իրավունքներն ապահովելու համար ՄԱԿ-ը պետք է գործի պրոֆեսիոնալ և անաչառ. Լեմկինի ինստիտուտ

Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը հիասթափություն է հայտնել հոկտեմբերի 1-ին ՄԱԿ-ի առաքելության Լեռնային Ղարաբաղ կատարած այցի արդյունքներից, որը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ԼՂ-ի ողջ հայ բնակչությունն արդեն փախել էր ադրբեջանական կողմի վերջին ներխուժումից հետո բռնի տեղահանման պատճառով։

«Մենք կոչ ենք անում ՄԱԿ-ին նախապատրաստել համապատասխան առաքելություն դեպի Արցախի Հանրապետություն, որը կներառի միջազգային թիմի անդամներ հակամարտության հանդեպ չեզոք երկրներից՝ տեղում ընթացիկ իրավիճակի մանրակրկիտ վերլուծություն իրականացնելու համար: Արցախում հայերի իրավունքները ապահովելու համար ՄԱԿ-ը պետք է գործի պրոֆեսիոնալ և անաչառ՝ պահպանելով հավատարմությունը ՄԱԿ-ի կանոնադրության մեջ ներկայացված արժեքներին»,- ասվում է ինստիտուտի հայտարարության մեջ, որի ամբողջական տարբերակը հասանելի է այստեղ։

Փաստաթղթում մասնավորապես նշվում է, որ Լեմկինի ինստիտուտը ՄԱԿ-ի առաքելության աշխատանքը համարում է անհաջող, քանի որ չի կարողացել ճշգրիտ ներկայացնել և գնահատել ԼՂ-ում տիրող իրավիճակը։

«Մենք խորապես համոզված ենք, որ «առաքելությունները հանուն առաքելության» և «հայտարարությունը հանուն հայտարարության» համարժեք պատասխան չեն այնպիսի լուրջ և վտանգավոր իրավիճակներին, որքան այն, ինչ տեղի է ունեցել Հարավային Կովկասում: Մենք կասկածի տակ ենք դնում այդ առաքելության բարեխղճությունն ու ազնվությունը: ՄԱԿ-ի առաքելության գործունեության և գնահատման անորոշ սկզբունքները, որտեղ բացակայում են որևէ կոնկրետ նպատակները, մեթոդաբանությունը կամ ցուցումները, լրջորեն վտանգում է այն վստահությունը, որը միջազգային հանրությունը տածում է ՄԱԿ-ի աշխատանքի նկատմամբ», – հայտարարել են կառույցից:

Ավելի վաղ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը նշել էր, որ ԼՂ այցելության մեկ օրվա ընթացքում ՄԱԿ-ի առաքելությունը քաղաքացիական ենթակառուցվածքների, այդ թվում՝ դպրոցների, հիվանդանոցների ոչնչացման նշաններ չի հայտնաբերել, թեև բոլոր խանութները փակ են եղել։

Related posts

Սեր, ջերմություն ու հոգատարություն երեխաներին

ՃՏՊ Հալիձոր գյուղի մոտակայքում․ կան տուժածներ

Հունիսմեկյան տոն` Գյումրու բարեկամության զբոսայգում