Արցախում ստեղծված հումանիտար և սոցիալ-տնտեսական իրադրությունը՝ Այվազյանի և Գուտերեշի հեռախոսազրույցի առանցքում

Մայիսի 10-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել  ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ:

Զրուցակիցները բարձր են գնահատել ՄԱԿ-ի տարբեր մասնագիտացված կառույցների և Հայաստանի միջև հաստատված արդյունավետ փոխգործակցությունը:

Զրույցի առանցքային թեմաներից էր ԼՂ հակամարտության գոտում վերջին զարգացումների հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար և սոցիալ-տնտեսական իրադրությունը մեղմելու ուղղությամբ քայլերի ձեռնարկումը:

Ներկայացնելով Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի ընթացքում և դրան հաջորդած շրջանում ՄԱԿ-ի համապատասխան մասնագիտացված կառույցների հետ Հայաստանի իրականացրած աշխատանքները՝ անխափան հումանիտար մուտքն Արցախ ապահովելու ուղղությամբ, նախարարի պաշտոնակատարն ընդգծել է, որ Ադրբեջանը շարունակում է հումանիտար աջակցության հասանելիության հարցը քաղաքականացնելու և միջազգային հանրության ջանքերը խաթարելու իր գործելաոճը:

Անհապաղ լուծում պահանջող հումանիտար հարցերի համատեքստում ԱԳ նախարարի պաշտոնակատար Այվազյանն ընդգծել է Ադրբեջանի պատանդառության ներքո գտնվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց հայրենադարձման հրատապությունը:

Նախարարի պաշտոնակատար Այվազյանը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Գուտերեշն անդրադարձել են նաև ԼՂ համակարտության գոտում պատմամշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության ու պահպանության և այդ ուղղությամբ միջազգային գործուն մեխանիզմների ներդրման անհրաժեշտությանը: ԱԳ նախարարի պաշտոնակատարն անընդունելի է համարել վտանգված մշակութային վայրեր միջազգային փորձագիտական առաքելության իրականացումն արգելափակելու ադրբեջանական կողմի վարքագիծը:

Հեռախոսազրույցի ընթացքում նախարարի պաշտոնակատար Այվազյանը կարևորել է ԼՂ խաղաղ գործընթացի վերականգնումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում:

Այս համատեքստում Արա Այվազյանն ընդգծել է նաև համանախագահության դերը պատերազմի հետևանքների հասցեագրման գործում:

Related posts

Հաճախակի են դառնում դեպքերը, երբ օձերին վնասում են՝ լրջորեն վտանգելով և՛ իրենց, և՛ կենդանիների կյանքը․ ՇՄՆ զգուշացումը

Հրդեհ Առնո Բաբաջանյան փողոցի նորակառույց չբնակեցված շենքերից մեկում

Արման Խաչատրյանը համատեղության կարգով նշանակվել է Մոնակոյում ՀՀ դեսպան