ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի իրավունքի իրացման ընթացակարգերը կհստակեցվեն

ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի իրավունքի իրացման ընթացակարգերը կհստակեցվեն: Այդ մասին որոշումը Կառավարության նոյեմբերի 30-ի նիստին ներկայացրեց ԱՍՀ նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը:

Ըստ այդմ՝ առաջարկվում է հաստատել առանձին ընթացակարգ, որով կսահմանվեն փախստականի կարգավիճակ ունեցող անձի՝ կենսաթոշակ նշանակելու համար դիմելու, այն նշանակելու, վերահաշվարկելու, կենսաթոշակի տեսակը փոխելու, կենսաթոշակ վճարելու և կենսաթոշակի գործ վարելու կարգի առանձնահատկությունները:

Օրինակ՝ սահմանվում է, որ փախստական ճանաչված անձը, որի կենսաթոշակի գործն առկա է ԼՂ կենսաթոշակային բազայում, կարող է կենսաթոշակ նշանակելու համար ներկայացնել առցանց դիմում մինչև 2024 թվականի հունիսի 1-ը: Ընդ որում՝ դիմումին որևէ փաստաթուղթ կցելու կարիք չկա: Համապատասխան փաստաթղթերի անհրաժեշտություն կա միայն այն դեպքում, երբ անձի հաշմանդամության ժամկետը լրացել է, և վերջինս ԼՂ-ում չի հասցրել անցնել բժշկասոցիալական փորձաքննություն կամ անցել է, բայց կենսաթոշակ ստանալու իրավունքը ԼՂ-ում չի իրացվել:

Կենսաթոշակ նշանակելու դիմումը մինչև 2024 թվականի հունիսի 1-ը ներկայացնելու դեպքում կենսաթոշակի իրավունքը չի վերանայվում, պահպանվում է ԼՂ-ի կենսաթոշակային բազայում հաշվարկված ու ներառված ստաժը, սակայն կենսաթոշակի չափը հաշվարկվում է ՀՀ-ում սահմանված օրենքի կարգով, իսկ կենսաթոշակը նշանակվում է կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու օրվանից, բայց 2023 թվականի հոկտեմբերի 1-ից ոչ շուտ:

«Նախագծով առաջարկում ենք սահմանել առանձին ընթացակարգով կենսաթոշակի նշանակման վերջնաժամկետ մինչև 2028 թվականի դեկտեմբերի 31-ը նշանակելու դեպքում, որով կենսաթոշակի իրավունքը չի վերանայվի: Մինչև 2028 թվականը եթե դիմի, սա նշանակում է, որ ստաժի վերահաշվարկ չի իրականացվի, սակայն 2028-ից հետո դիմելու դեպքում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կենսաթոշակի նշանակման գործընթաց տեղի կունենա»,- ասաց նախարարի տեղակալը և մանրամասնեց, որ եթե, օրինակ, անձի 63 տարեկանը սեպտեմբերի 15-ին է լրացել, և նա դիմել է 2023 թվականի դեկտեմբերին 11-ից հաշված եռամսյա ժամկետում, ապա նրան կենսաթոշակ կնշանակվի 2023 թվականի հոկտեմբերի 1-ից:

Անդրադառնալով առաջարկին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց՝ 3 խումբ մարդկանց հետ գործ ունենք: Առաջին խմբում մարդիկ են, որոնք թոշակ էին ստանում ԼՂ-ում, նրանք առանց ընդհատման ՀՀ-ում թոշակ կստանան, այսինքն՝ հոկտեմբերի, նոյեմբերի թոշակները ևս կստանան առաջիկայում, և թոշակի կորուստ չեն ունենա:

Երկրորդ խմբում նրանք են, որոնք ԼՂ-ում սկսել էին կենսաթոշակ ստանալու գործընթացը, բայց ավարտին չեն հասցրել:

Երրորդ խմբում նրանք են, որոնց թոշակի տարիքը կամ թոշակի դիմելու ժամանակը լրացել է բռնի տեղահանման հետևանքով ՀՀ տեղափոխվելուց հետո:

«Կարգավորում ենք, ահա՛, նաև այս խմբի մարդկանց թոշակավորման գործընթացը՝ իհարկե, տեսադաշտում ունենալով, որ մի իքս պահից հատուկ կարգավորում չենք ունենալու, և ԼՂ-ից բռնի տեղահանված և ՀՀ քաղաքացի հանդիսացող շահառուներն արդեն նույն կարգով, սովորական ընթացակարգով կթոշակավորվեն»,- ասաց վարչապետը:

Related posts

ՔՊ վարչության նիստում քննարկվել են կուսակցական, քաղաքական և հանրային կարևորություն ունեցող հարցեր

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բացառապես պետական հանձնաժողովների համատեղ աշխատանքների շրջանակներում․ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Աննա Հակոբյանը բարձրագույն կրթությունը կշարունակի Չինաստանում, Մարինե Հակոբյանը կսովորի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում