Լիահույս եմ, որ ակտիվ երկխոսությունը և համատեղ նախաձեռնությունները շարունակական բնույթ կկրեն. ՀՀ վարչապետը ուղերձներ է հղել ԱՄԷ-ի նախագահին և փոխնախագահին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանին և փոխնախագահ, վարչապետ, Դուբայի Էմիրության կառավարիչ շեյխ Մոհամմեդ բին Ռաշիդ Ալ Մաքթումին՝ Ազգային տոնի առթիվ:

ԱՄԷ նախագահին ուղղված ուղերձում նշված է.

«Ընդունեք խնդրեմ անկեղծ շնորհավորանքներս ու ջերմ բարեմաղթանքներս Արաբական Միացյալ Էմիրությունների Ազգային տոնի կապակցությամբ:

Հայ-էմիրաթական բարեկամությունը տարիների պատմություն ունի, և այսօր ուրախությամբ կարող եմ արձանագրել, որ մեր երկու երկրների միջև ձևավորվել են փոխշահավետ և ամուր համագործակցության բարի ավանդույթներ:

Գոհունակությամբ ուզում եմ նշել, որ վերջին շրջանում ականատես ենք լինում հայ-էմիրաթական փոխգործակցության աննախադեպ ակտիվության, որը դրսևորվում է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերին զարկ տալու երկուստեք պատրաստակամությամբ և երկկողմ հարաբերությունների զարգացման դրական դինամիկայով:

Լիահույս եմ, որ մեր երկրների միջև ծավալված ակտիվ երկխոսությունը և համատեղ նախաձեռնությունները շարունակական բնույթ կկրեն, և մոտ ապագայում ականատես կլինենք այդ արգասաբեր համագործակցության իրական արդյունքներին:

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Արաբական Միացյալ Էմիրությունների բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն»:

ԱՄԷ փոխնախագահին ուղղված ուղերձում ասված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Արաբական Միացյալ Էմիրությունների ժողովրդին Ազգային տոնի կապակցությամբ:

Հայաստանում ոգևորությամբ են հետևում վերջին տասնամյակներին ամենատարբեր ոլորտներում ԱՄԷ-ի գրանցած շարունակական հաջողություններին և անհամբեր սպասում բարեկամ Էմիրությունների նոր ձեռքբերումներին:

Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի Հանրապետության և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև առկա գործընկերությունը և հաստատակամ ենք խորացնելու մեր համագործակցությունը երկուստեք նախանշված ոլորտներում:

Ունեցած ձեռքբերումներով և հաջողություններով հանդերձ՝ վստահ եմ, որ մեր երկու երկրների միջև համագործակցությունն ունի զարգացման էլ ավելի մեծ ներուժ, որին և պետք է ուղղված լինեն մեր հետագա համատեղ քայլերը:

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, իսկ Արաբական Միացյալ Էմիրությունների բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն»:

Related posts

ՆԳՆ քրեական ոստիկանները խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի են վնասազերծել

Դուք շուտով կստանաք լրացուցիչ 18 միլիոն եվրո՝ օգնելու բազմազանեցնել ձեր առևտուրը. Ուրսուլա ֆոն դեր Լայեն

Վենեսուելայում ավերիչ երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 2295-ի