Լաբուբուն՝  որպես խայծ. Խաբեբաները նոր սխեմա են սկսել

Խաբեբաները սկսել են Telegram-հաշիվների գողության նոր սխեմա։ Ինչպես հայտնել են թվային ռիսկերի դեմ պաշտպանության F6 ընկերության բաժնի փորձագետները, չարագործները որպես յուրօրինակ խայծ օգտագործում են Լաբուբուին։

Լաբուբուն փափուկ խաղալիքներ են՝ ատամներով փոքրիկ հրեշիկների տեսքով։ Դրանց շուրջ գլոբալ մոլուցք սկսվեց 2025 թվականին՝ սոցիալական ցանցերի շնորհիվ։ Այս խաղալիքները կախում են պայուսակներից որպես բանալիի պիտակ, հավաքում են։ Մարկետփլեյսներում գները հասնում են մինչև 10 000 ռուբլու, իսկ հավաքածուային տարբերակների դեպքում՝ մինչև 50 000 ռուբլու։

F6-ի վերլուծաբանները հայտնաբերել են Telegram-բոթեր, որոնցում Լաբուբուն հանդես է գալիս որպես խայծ՝ ֆիշինգի և կասկածելի սխեմաներում օգտատերերին ներգրավելու նպատակով։ Նման բոթերից մեկը նախատեսված է հաշիվներ յուրացնելու համար։ Իբրև Լաբուբու խաղալիքի նվեր ստանալու համար բոթը օգտատերերին առաջարկում է կիսվել իրենց կոնտակտով, այնուհետև՝ մուտքագրել Telegram-ից ստացված կոդը՝ իբր «եզակի օգտագործողի» գրանցման նպատակով։ Իրականում այդ կոդը մուտք է տալիս օգտատիրոջ հաշվին։ Եթե օգտատերը մուտքագրի այդ կոդը, ապա կկորցնի իր Telegram-հաշիվը։

Բացի այդ, խաբեբաները ստեղծել են մի քանի բոթեր, որոնցում իբր անցկացվում է Լաբուբու խաղալիքի խաղարկություն։ Մասնակցելու համար օգտատիրոջից պահանջվում է բաժանորդագրվել որոշ Telegram-ալիքներին։ Այդ ալիքներից որոշները կարող են խաբեության սխեմաներ գովազդել՝ փողերի գողության նպատակով։

F6-ի վերլուծաբանները նաև հայտնաբերել են Telegram-ի մի շարք հաշիվներ և բոթեր, որոնց միջոցով իբր վաճառվում են այդ խաղալիքները։ Մասնագետները զգուշացնում են, որ մեսենջերով ապրանքների և ծառայությունների գնումը միշտ ռիսկեր է պարունակում, քանի որ վճարումից հետո «վաճառողը» կարող է դադարել արձագանքել, իսկ գումարը վերադարձնել, ամենայն հավանականությամբ, չի հաջողվի։

«Ցանկացած նորույթ, նորաձև ապրանք կամ խաղալիք, որը առաջացնում է մեծ հետաքրքրություն և պահանջարկ, խաբեբաների համար դառնում է նոր խայծ։ Կիբեռհանցագործները ուշադիր հետևում են նորություններին ու թրենդներին, և հաշված օրերի ընթացքում հարմարեցնում են խաբեության արդյունավետ սխեմաները արդի տեղեկատվական առիթներին։ Կեղծ նվերների սխեման դրանցից մեկն է։ Երբ խայծի տեսքով օգտագործվում են խաղալիքներ, ծնողներն ու երեխաները հայտնվում են առանձնահատուկ վտանգի մեջ։ Գողացված Telegram-հաշիվները, այդ թվում՝ երեխաներինը, հետագայում կարող են օգտագործվել անօրինական նպատակներով», – նշում է F6-ի թվային ռիսկերի պաշտպանության բաժնի առաջատար վերլուծաբան Եվգենի Եգորովը։

F6-ի մասնագետների գլխավոր խորհուրդն այս տեսակի խաբեություններից խուսափելու համար՝ միշտ քննադատաբար մոտեցեք խաղարկություններին և խոստացված նվերներին, հատկապես եթե այդ առաջարկը տեսել եք սոցիալական ցանցերում, մեսենջերներում կամ ստացել եք էլեկտրոնային նամակով։ Եթե ձեզ առաջարկում են անցնել Telegram-բոթի միջոցով և ինչ-որ բան անել՝ իբր նվեր ստանալու համար, ապա դա ամենայն հավանականությամբ խաբեություն է։

Related posts

Մեքենան գլխիվայր է շրջվել և այրվում է. Խոշոր խցանում՝ Աշտարակի մայրուղում

Կառավարության նիստ | ՈՒՂԻՂ

Ավարտվել է ամուսիններին թրաֆիքինգի ենթարկելու դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը