Իրանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի վարչապետին՝ նշանակման կապակցությամբ

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյյեդ Էբրահիմ Ռայիսին Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին:

Ուղերձում, մասնավորապես, նշված է.

«ՀՀ վարչապետ, հարգարժան պարոն Նիկոլ Փաշինյան, ընդունեք ջերմագին շնորհավորանքներս Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:

Անկասկած, գլոբալ և տարածաշրջանային զարգացումների արագ ընթացքն առավել կարևորում է երկու երկրների միջև սերտ խորհրդակցությունները տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման և երկու ժողովուրդների բարեկեցության և բարգավաճման նպատակով, ինչպես նաև ընդգծում բազմակողմ հարաբերությունների ընդլայնման անհրաժեշտությունը՝ հատկապես տրանսպորտի և էներգետիկայի ոլորտներում տնտեսական կապերի ամրապնդման ուղղությամբ:

Համոզված եմ, որ նախորդ տարիների փոխադարձ և շարունակական ջանքերի շնորհիվ Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև ձևավորվել են բարեկամական, սերտ և բարձր մակարդակի հարաբերություններ, որոնք հիմնված են բարի կամքի, փոխադարձ հարգանքի և երկու ժողովուրդների պատմական կապերի վրա, որոնք Ձեր պաշտոնավարման ժամկետում առավել կզարգանան և կխորանան:

Ամենակարող Աստծուց հայցում եմ Նորին Գերազանցությանը առողջություն և հաջողություն, ինչպես նաև՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդին երջանկություն և բարօրություն»:

Related posts

ԵՄ մշտական ներկայացուցիչները չեն համաձայնեցրել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների երկարաձգումը. Politico

Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարները կարևորել են Հարավային Կովկասում կայուն խաղաղության պահպանումը

Սուրեն Պապիկյանը և ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանը քննարկել են գործակցության ընթացքին և հեռանկարներին առնչվող հարցեր