Իրանի դեսպանը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն ընդգծել է ՀՀ-ի տարածքային ամբողջականության պաշտպանության վերաբերյալ իրանական կողմի հստակ դիրքորոշումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանարապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին: Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից:

Վարչապետը շնորհավորել է դեսպանին նոր պաշտոնում նշանակվելու առիթով և հույս հայտնել, որ նրա պաշտոնավարման ընթացքում Հայաստան-Իրան հարաբերությունները կշարունակեն զարգանալ ու ամրապնդվել: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ տարածաշրջանում ստեղծված դժվարին ժամանակաշրջանում երկու երկրները պետք է պահպանեն ակտիվ հաղորդակցություն: Վարչապետը շեշտել է, որ ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ առկա է վստահելի երկխոսություն, ինչը նպաստում է հայ-իրանական փոխգործակցության հետևողական խորացմանը:

Մեհդի Սոբհանին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար ու ընդգծել ԻԻՀ կառավարության շահագրգռվածությունը` զարգացնելու Հայաստանի հետ կապերը բոլոր ոլորտներում: Դեսպանը ևս մեկ անգամ ընդգծել է Հայաստանի տարածքային ամբողջականության պաշտպանության վերաբերյալ իրանական կողմի հստակ դիրքորոշումը: Պարոն Սոբհանին իր մտահոգություններն է արտահայտել Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակի կապակցությամբ և կարևորել ԼՂ հայերի անվտանգության և իրավունքների պաշտպանությունը:

Զրուցակիցներն անդրադարձել են հայ-իրանական հարաբերությունների օրակարգային մի շարք հարցերի: Մասնավորապես, քննարկվել են տնտեսության, առևտրատնտեսական կապերի, ենթակառուցվածքների զարգացման, առողջապահության, կրթության, գիտության, մշակույթի և այլ ուղղություններով համատեղ ծրագրերի իրականացմանը վերաբերող թեմաներ:

Related posts

Փրկարարներն իրականացնում են քամու հետևանքով տապալված և կոտրված ծառերի մասնատման, հեռացման աշխատանքներ

ՀՀ տարածքը չի կարող օգտագործվել երրորդ պետությունների կողմից հարևան պետություններից որևէ մեկի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու համար. ԱԳՆ մամուլի խոսնակ

Փարիզում 100 տարվա մեջ առաջին անգամ թույլատրել են լողալ Սեն գետում