Իրանը Հայաստանին շնորհավորել է հաջող ընտրությունների կապակցությամբ

Իրանի արտգործնախարարությունը շնորհավորել է Հայաստանում խորհրդարանի արտահերթ ընտրությունները հաջող անցկացնելու կապակցությամբ՝ հույս հայտնելով ընդլայնել երկու հարևան երկրների բարեկամական հարաբերությունները՝ փոխանցում է իրանական Tasnim գործակալությունը:

Այսօր հրապարակված հայտարարության մեջ Իրանի արտգործնախարարության խոսնակ Սայիդ Խաթիբզադեն հայ ժողովրդին ու հաղթած քաղաքական ուժին շնորհավորել է խորհրդարանի արտահերթ ընտրությունների հաջող անցկացման կապակցությամբ:

ԱԳՆ խոսնակը հաղթող ուժին հաջողություն է մաղթել Հայաստանի զարգացման, երկրի ներսում կայունության և տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերում:

Սայիդ Խաթիբզադեն հայտարարել է, որ Երևանի հետ հարաբերությունների խթանումը չափազանց կարևոր է պաշտոնական Թեհրանի համար:

Իրանցի խոսնակը հույս է հայտնել, որ Հայաստանում նոր խորհրդարանի և նոր կառավարության ձևավորումը կընդլայնի երկու հարևան երկրների բարեկամական հարաբերությունները:

Related posts

Հորդառատ անձրևները Ստամբուլում և Թուրքիայի մի շարք այլ շրջաններում լայնածավալ հեղեղումների են հանգեցրել

«Զվարթնոց»-ում վերահսկողություն կիրականացվի, որ էբոլա վիրուսը Հայաստան չներթափանցի

Սուբվենցիոն ծրագրերի իրականացման շրջանակում հատկացվել է ևս 5,7 մլն դոլար