Իսրայելը հայտարարել է Իրանի գնդակոծությունների հետևանքով ավելի քան 800 տուժածի մասին

Իսրայելում ավելի քան 800 մարդ է տուժել Իրանի հրթիռակոծությունների հետևանքով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Իսրայելի կառավարության մամուլի ծառայությունը:

«804 մարդ վնասվածքներ է ստացել, նրանցից 8 մարդ ծանր վնասվածքներ է ստացել, 41 մարդ՝ միջին ծանրության, իսկ 755 մարդ՝ թեթև վնասվածքներ», – հաղորդագրությունից հատված է մեջբերում «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

Բացի այդ, Իրանի և Իսրայելի միջև հակամարտության սրման պատճառով Իսրայելում շուրջ 3800 մարդ ստիպված է եղել տարհանվել իրենց տներից։

Նշվում է նաև, որ զոհերի մասին տվյալները հունիսի 16-ից չեն փոխվել, նրանց թիվը կազմում է 24։

Լույս հունիսի 13-ի գիշերն Իսրայելը գործողություն է սկսել Իրանի դեմ՝ նրան մեղադրելով գաղտնի ռազմամիջուկային ծրագիր իրականացնելու մեջ, որն, ըստ իսրայելական կողմի, մոտեցել է «անդառնալի կետի»։ Օդային ռմբակոծությունների և դիվերսիոն խմբերի հարվածների թիրախները դարձել են միջուկային օբյեկտները, գեներալական կազմը, նշանավոր միջուկագետ ֆիզիկոսները, ավիաբազաները, ՀՕՊ համակարգերը և «երկիր-երկիր» հրթիռները։ Հարվածների տակ են հայտնվել նաև բնակելի շենքեր։ Իրանը հունիսի 16-ին հայտնել է 224 զոհի մասին։

Իրանը, որը բազմիցս հերքել է միջուկային զենք ստեղծելու մտադրությունը, պատասխան հարվածներ է հասցրել հրթիռներով և անօդաչուներով։ Թեհրանը հարվածների թիրախ է նշում Իսրայելի ռազմական և ռազմաարդյունաբերական օբյեկտները։

 

Related posts

Իսրայելը հարվածել է Իրանի ցենտրիֆուգ արտադրող գործարանին

Մեր աջակցությամբ ԼՂ-ից բռնի տեղահանվածները կտնավորվեն ՀՀ-ում. Փաշինյան

Մենք ունենք բոլոր կարողությունները՝ կառավարելու հիբրիդային ռիսկերը. Փաշինյան