Իսրայելը անօդաչու թռչող սարքեր է գործարկել Իրանի տարածքից

Իսրայելական զինված ուժերը Իրանի դեմ գիշերային հարձակման ժամանակ կիրառել են հարվածային անօդաչու թռչող սարքեր, որոնք գործարկվել են անմիջապես Իրանի տարածքից։ Այս մասին հայտնել է Ynet պորտալը՝ վկայակոչելով անվտանգության ոլորտի աղբյուրին, գրում է ՏԱՍՍ-ը։

Նրա տվյալներով՝ իսրայելական «Մոսսադ» հետախուզությունը դեռ վաղուց Իրանի դեմ ռազմական գործողություններից առաջ գաղտնի կերպով բազա է հիմնել Թեհրանի մերձակայքում, որտեղ տեղակայվել են դռոն-կամիկաձեներ։ Իսրայելի պաշտպանության բանակը հրապարակել է տեսանյութ, որտեղ երեւում է՝ ինչպես է դռոն-կամիկաձեն խոցում Իրանի հակաօդային պաշտպանության կայան։

Իսրայելացի լրագրող Ամիթ Սեգալը, հղում կատարելով իր աղբյուրներին, հայտնել է նաեւ, որ Իսրայելը Իրանի տարածքում թաքցրել է հրթիռներ եւ հակաօդային պաշտպանության համակարգեր խլացնող սարքեր։

Ինչպես գրել է «Խորհրդարանական թերթը», Իսրայելը հարձակվել է Իրանի վրա հունիսի 13-ի գիշերը։ Հարվածների արդյունքում խոցվել են Իրանի միջուկային ծրագրի մի շարք օբյեկտներ, զոհվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար գեներալ Հոսեյն Սալամին, Իրանի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերին եւ առնվազն վեց միջուկային գիտնական։ Իրանի միջուկային ծրագրի ղեկավարը՝ Ալի Շամխանին, ծանր վիրավորվել է իր տան վրա հասցված հարվածի հետեւանքով։

«Իրանն ընդհանրապես ցանկություն չունի պատերազմել, որը մեծ կորուստների է բերելու, սակայն հանդուրժել նման վնասը՝ հասցված մի ինքնիշխան եւ հզոր զինված ուժեր ունեցող պետությանը, ըստ էության, անհնար է», – հայտարարել է Ռուսաստանի Դաշնության դաշնային խորհրդի սենատոր Անդրեյ Կլիմովը «Խորհրդարանական թերթին»։ Նրա կարծիքով՝ Իրանն իր պատասխանը կտա։

Related posts

Իրանից արձակված հրթիռները հարվածել են Իսրայելի ազգային անվտանգության նախարարության շենքին

Իսրայելը պատերազմ է սանձազերծել, Իրանն «ուժով կպատասխանի»․ Խամենեի

Իսրայելը հարվածել է Իրանի գերագույն առաջնորդ Խամենեիի նստավայրի տարածքին