Իշխանությունների նվիրվածությունը ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին անբեկանելի է. ՀՀ վարչապետն ընդունել է Տոյվո Կլաարին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը:

Վարչապետը կարևորել է Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների շարունակական զարգացումը և կարևորել այդ ուղղությամբ համատեղ ջանքերը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ժողովրդավարական բարեփոխումների օրակարգը շարունակում է մնալ ՀՀ կառավարության առաջնահերթությունների թվում և հավելել, որ ՀՀ իշխանությունների նվիրվածությունը ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին անբեկանելի է: Զրուցակիցները քննարկել են ԵՄ-ի կողմից Հայաստանի համար նախատեսված 2,6 մլրդ եվրոյի ներդրումային փաթեթի իրականացման ուղղությամբ աշխատանքների ընթացքին վերաբերող հարցեր: Այդ համատեքստում, առանձնակի կարևորվել է Սյունիքի մարզում 80 մլն եվրոյի փաթեթի արդյունավետ կյանքի կոչումը:

Վարչապետը բարձր է գնահատել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի ջանքերը՝ տարածաշրջանում փոխըմբռնման ու կայունության ամրապնդման ուղղությամբ:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել 44-օրյա պատերազմի հետևանքով Հարավային Կովկասի տարածաշրջանում ստեղծված իրավիճակին, հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի լիցքաթափմանն ու կայունության ապահովմանն ուղղված քայլերին: Մասնավորապես, մտքեր են փոխանակվել Սոչիում ՌԴ նախագահի, Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահի ու Ֆրանսիայի նախագահի միջնորդությամբ կայացած հանդիպումների, ինչպես նաև փետրվարի 4-ին տեղի ունեցած քառակողմ տեսակոնֆերանսի արդյունքների ու ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման վերաբերյալ:

Կարևորվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության ու միջազգային մարդասիրական կազմակերպությունների մուտքի ապահովումը՝ հաշվի առնելով հայկական մշակութային ժառանգության նկատմամբ ադրբեջանական կողմից հնչեցվող սպառնալից հայտարարություններն ու արդեն իսկ հայկական մի շարք կոթողների ոչնչացման ուղղությամբ իրականացված քայլերը:

Ընդգծվել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո խաղաղ գործընթացի լիարժեք գործարկման և համանախագահների գործունեության ակտիվացման անհրաժեշտությունը:

Related posts

Նախնական պայմանավորվածություն կա ադրբեջանական կողմի հետ անհայտ կորածների համատեղ որոնողական աշխատանքների իրականացման շուրջ. ԱԱԾ տնօրեն

Քրեակատարողական ծառայողները հանձնուքում առկա վերնազգեստի վրա հայտնաբերել են թմրանյութի նմանվող հետքեր

Հուլիսից Գերմանիայի վիզայի դիմումների ընդունման կարգը կփոխվի