Հունիսի 14-15-ը ՆԳՆ փրկարար ծառայությունում ստացվել են ահազանգեր՝ Երևանում, Շիրակի, Արագածոտնի, Լոռու և Տավուշի մարզերում ուժեղ քամու, հորդառատ անձրևի և կարկուտի հետևանքների վերաբերյալ:
ՆԳՆ ՓԾ-ի փոխանցմամբ՝ Փրկարար ծառայության ստորաբաժանումները, համագործակցելով ՆԳՆ ոստիկանության ծառայողների հետ, իրականացրել են իրավիճակից բխող անհրաժեշտ գործողություններ՝ տարածքների սահմանազատում, տանիքների, կառուցատարրերի ապամոնտաժում, անձրևատար խողովակների ամրացում, տապալված ծառերի մասնատում և հեռացում:
Ուժեղ քամու հետևանքով հունիսի 14-15-ը գրանցվել է ընդհանուր 38 դեպք, որոնցից 1-ը՝ Երևանում, 3-ը՝ Արագածոտնի, 1-ը՝ Լոռու, 33-ը՝ Շիրակի մարզում։ Զոհեր և վիրավորներ չկան։
Հունիսի 14-15-ը Տավուշի, Լոռու և Շիրակի մարզերում տեղացած կարկուտի հետևանքով վնասվել է 6 տրանպորտային միջոց։
Հունիսի 15-ին՝ ժամը 16:10-ից սկսած, ահազանգեր են ստացվել, որ Ապարանում և Լուսագյուղ բնակավայրում ուժեղ քամու (գրանցվել է քամու ուժգնացում՝ 39,2 մ/վ արագությամբ) հետևանքով վնասվել են շենք-շինությունների տանիքներ, ավտոմեքենաներ, տապալվել են ծառեր ու էլեկտրասյուներ, ինչպես նաև արևային կայաններ ու ջրատաքացուցիչներ։
Ապարանի համայնքապետարանից ստացված տեղեկատվության համաձայն՝ հունիսի 16-ի ժամը 09։00-ի դրությամբ՝ վնասվել են 20 բազմաբնակարան շենքի, 86 առանձնատան, 3 դպրոցի, 1 մշակույթի տան, իրավապահ կառույցների 2 տարածքային ստորաբաժանման ու 24 կազմակերպության վարչական շենքերի տանիքներ։ Բացի այդ, վնասվել են 70 էլեկտրասյուն, 30 տրանսպորտային միջոց, 2 խաղահրապարակ։ Տապալվել է 100-ից ավել ծառ:
Փրկարար ծառայության Արագածոտնի, Արմավիրի և Կոտայքի մարզային փրկարարական վարչություններում և ՀՆՓԱԻ կենտրոնում հայտարարվել է անձնակազմի հավաք:
Փրկարարական աշխատանքներին ներգրավվել են 6 մարտական հաշվարկ, 8 օպերատիվ խումբ, 154 փրկարարական ծառայող, որոնք հեռացրել, ինչպես նաև ամրացրել են վտանգավոր թիթեղներն ու կառուցատարրերը, մասնատել և հեռացրել են երթևեկելի գոտիներում ու տրանսպորտային միջոցների վրա տապալված ծառերը։
Տուժել է հինգ անձ, որոնք հոսպիտալացվել են և ստացել անհրաժեշտ բուժօգնություն։
Հունիսի 16-ին՝ ժամը 07։30-ին, վերսկսված աշխատանքներին ներգրավվել են 205 փրկարարական ծառայողներ։