Ինչպիսի եղանակ կլինի ամբողջ մայիսին

2025թ. մայիսին բնորոշ է մթնոլորտային պրոցեսների զգալի ակտիվացումը և օդային զանգվածների հաճախակի փոխատեղումը: Տաք և ցուրտ օդային զանգվածների հերթափոխը, ինչպես նաև երկրի մակերևույթի անհավասարաչափ տաքացումը, բարձր լեռնային շրջաններում ձյան հալոցքը բերում է հզոր կոնվեկտիվ հոսանքների առաջացման` հաճախ են դիտվում հորդառատ բնույթի տեղումներ, որոնք ուղեկցվում են ամպրոպներով: Միջին ամսական ջերմաստիճանը հանրապետությունում կազմում է 9.6°C:

Այս մասին հայտնում են Հայհիդրոմետից

Միջին օրական ջերմաստիճանը համեմատաբար ցածր է, առաջին տասնօրյակում` 8.2°C, այնուհետև աստիճանաբար բարձրանում է երրորդ տասնօրյակում հասնելով 10.9°C: Միջին ամսական ջերմաստիճանը առավել բարձր է Արարատի և Արմավիրի մարզերում, Վայոց ձորի և Սյունիքի հովիտներում, Արագածոտնի նախալեռներում` +17…+18°C, Գեղարքունիքում, Արագածոտնի լեռնային շրջաններում և Շիրակում՝ +8…+10°C, բարձր լեռնային շրջաններում (3000 մետրից բարձր) այն դեռևս բացասական է` -0.5°C, այստեղ դեռ ձյան տեսքով տեղումների հավանականությունը պահպանվում է:

Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում արդեն մայիսի առաջին օրերին դիտվում է միջին ջերմաստիճանի կայուն անցումը 15°C բարձր, որը համարվում է ամռան սկիզբ, լեռնային շրջաններում մայիսի կեսից դիտվում է միջին օրական ջերմաստիճանի կայուն անցումը 10°C բարձր:

Չնայած ջերմաստիճանային ֆոնը ամսվա ընթացքում բարձր է, լեռնային շրջաններում ողջ ամսվա ընթացքում պահպանվում է ցրտահարության վտանգը, ըստ որում երբեմն զգալի ինտենսիվությամբ, որը կարող է կորստաբեր ազդեցություն ունենալ գյուղատնտեսական կուլտուրաների վրա:

Բացարձակ նվազագույն ջերմաստիճանը լեռնային շրջաններում կարող է նվազել մինչև -8…-10°C: Արարատյան դաշտում, Տավուշի մարզում, Սյունիքի հովիտներում ամսվա առաջին տասնօրյակում մինչև -1°C, իսկ առավելագույն ջերմաստիճանը կարող է հասնել +35…+38°C (Արմավիր, Մեղրի):

Ջերմաաստիճանի օրական տատանումները զգալի են` միջինը 8-10°C, իսկ առանձին դեպքերում հասնում են 20-22°C:

Ամենից շատ տեղումներ դիտվում են Լոռիում՝ 120-130մմ, ամենաքիչը՝ Արարատի, Արմավիրի մարզերում` 40-50մմ: Առանձին տարիների օրական տեղումների քանակը հասել է ամսական նորմային: Տեղումները մայիսին հաճախ հորդառատ բնույթ են կրում:

Արարատի և Արմավիրի մարզերում օդի հարաբերական խոնավությունը ամենացածրն է` 52-55%:

Մայիսին ամպրոպային գործունեությունը ակտիվանում է: Ամպրոպներով օրերի թիվը հանրապետությունում միջինը կազմում է 10-13օր (առանձին տարիներին այն հասել է 20-22 օր): Մեծանում է կարկուտի հավանականությունը` միջինը ամիսը 1-3 օր, Տաշիրում 8 օր: Մայիսին ավելի է մեծանում ջերմաստիճանային տարբերությունը հովտային և լեռնային շրջանների միջև, որով պայմանավորված մեծանում է լեռնահովտային շրջանառությունը,արդյունքում դիտվում է քամու ուղղության լավ արտահայտված օրական ընթացքը` օրվա առաջին կեսին քամին փչում է հովիտներից դեպի լեռներ, իսկ երեկոյան` լեռներից հովիտներ: Հանրապետությունում քամու արագությունը որոշակիորեն մեծանում է, զգալիորեն փոքրանում է անդորրի քանակը:

Related posts

Պետությունն ապահովել է մամուլի աննախադեպ ազատություն, բայց այդ ազատությունը մեկնաբանվում է որպես սանձարձակություն․ Արայիկ Հարությունյան

Առավոտյան զբոսանք Լոռվա ձորում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Մայիսի 3-ը Մամուլի ազատության համաշխարհային օրն է