Ի՞նչ սահմաններով է Բաքուն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը և ե՞րբ է իր զորքերը դուրս բերելու մեր սուվերեն տարածքներից․ վարչապետի պատասխանը

Վաշինգտոնում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև այն հարցին, թե Բաքուն արդյոք հստակեցրե՞լ է, թե ի՞նչ սահմաններով է ճանաչում Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը և ե՞րբ է պատրաստվում իր զորքերը դուրս բերել Հայաստանի սուվերեն տարածքից։ Մեր երկրի ղեկավարն այս հարցին պատասխանեց՝ հղում անելով Վաշինգտոնում ստորագրված եռակողմ հռչակագրի 5-րդ կետին։

«Մենք ընդունում ենք անցյալի հակամարտությամբ չկանխորոշված, Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությանն ու 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրին համապատասխան պայծառ ապագայի ուղի նախանշելու անհրաժեշտությունը։ Մարդկային անասելի տառապանքներ պատճառած հակամարտությունից հետո մեր ժողովուրդների համար ստեղծվել են վերջապես բարիդրացիական հարաբերություններ սկսելու պայմաններ՝ հիմնված միջազգային սահմանների անքակտելիության և տարածքներ ձեռք բերելու նպատակով ուժի կիրառման անթույլատրելիության սկզբունքների վրա։ Այս իրողությունը, որը ենթակա չէ և երբեք չպետք է ենթակա լինի վերանայման, ճանապարհ է հարթում մեր երկու ժողովուրդների միջև թշնամանքի էջը փակելու համար։ Մենք վճռականորեն մերժում և բացառում ենք վրեժխնդրության ցանկացած փորձ ներկայում և ապագայում»,- մեջ բերեց ՀՀ վարչապետը օգոստոսի 8-ին ստորագրված եռակողմ հռչակագրից՝ հիշեցնելով, որ 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրում նշվում է՝ Խորհրդային Հայաստանի տարածքը ճշգրիտ նույնական է անկախ Հայաստանի տարածքի հետ, և Խորհրդային Ադրբեջանի տարածքը ճշգրիտ նույնական՝ անկախ Ադրբեջանի տարածքի հետ։

Նիկոլ Փաշինյանի հավաստմամբ՝ հարցի լուծումը սահմանազատման գործընթացի շարունակությունն է։ Կա նաև երկրորդ տարբերակ՝ հանրաքվեն, որը, սակայն, ըստ վարչապետի, առավել բարդացնում է գործընթացը։

Related posts

ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված մշտադիտարկման այց են իրականացրել ՆԳՆ «Հատուկ կացարան»․ ինչ խնդիրներ են արձանագրվել

Վիլսոնի անվան գիտնականների միջազգային կենտրոնի հետ փորձագիտական քննարկումներ կլինեն՝ համագործակցության խորացման նպատակով

Փարիզի Ռազմական ակադեմիայի ռազմավարական վերապատրաստման դասընթացն ավարտել է ՀՀ ԶՈՒ առաջին ներկայացուցիչը