Ժաննա Անդրեասյանն այցելել է Մերձավանի և Մխչյանի դպրոցներ. նախարարը տվել է համապատասխան հանձնարարականներ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մերձավան գյուղի և Արարատի մարզի Մխչյան գյուղի դպրոցներ՝ տեղի ունեցած միջադեպերի կապակցությամբ հանդիպելու դպրոցների աշխատակազմերի հետ: Այդ մասին հայտնում է ԿԳՄՍՆ-ն:

Քննարկվել են ուսումնական հաստատություններում առկա խնդիրները և դրանց լուծման ուղիները՝ հատուկ ուշադրություն դարձնելով առողջ, հարգալից և անվտանգ միջավայրի ապահովմանը։

Նախարարը տվել է համապատասխան հանձնարարականներ՝ խնդիրների կարգավորման և առաջիկա օրերին ուսումնական տարվա ամփոփման աշխատանքների պատշաճ կազմակերպման վերաբերյալ։

Մերձավան և Մխչյան համայնքների դպրոցները կգտնվեն հատուկ մշտադիտարկման ներքո՝ բոլոր խնդիրների մանրամասն ուսումնասիրության և անհրաժեշտ քայլերի իրականացման նպատակով։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սոցիալական ցանցերի և զանգվածային լրատվության միջոցների հրապարակումների մշտադիտարկման արդյունքում արձանագրվել է, որ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մերձավան գյուղի միջնակարգ դպրոցում տեղի է ունեցել միջադեպ, որի ժամանակ որոշ ուսուցիչների, աշակերտների և ծնողների կողմից պատմության ուսուցչի նկատմամբ դրսևորվել է անթույլատրելի վերաբերմունք՝ ատելության խոսքի լայն տարածմամբ:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խստորեն դատապարտել էր Մերձավան գյուղի միջնակարգ դպրոցում տեղի ունեցած միջադեպը, որի ընթացքում պատմության ուսուցչի նկատմամբ դրսևորվել է անթույլատրելի վերաբերմունք՝ դպրոցի տնօրենի պաշտոնակատարի, որոշ ուսուցիչների, աշակերտների և ծնողների մասնակցությամբ։

Հիշեցնենք՝ Մխչյանի դպրոցում երեխաներին սպիտակ փոշիանման զանգված տալու դեպքով 4 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում:

Ավելի վաղ ԶԼՄ-ներում լուրեր էին տարածվել, որ օրեր առաջ դպրոցում տեղի է ունեցել սարսափելի միջադեպ։

Ըստ տեղեկությունների՝ բարձր դասարանների մի քանի տղաներ դպրոցի զուգարանում կապկպել են 4-րդ դասարանի երկու աշակերտի և ստիպողաբար թմրանյութ տվել, որից հետո երեխաների մոտ կախվածություն է առաջացել, նրանք սկսել են տնից գումար գողանալ՝ կրկին նույն աշակերտներից թմրանյութ գնելու նպատակով։

Related posts

Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն արձագանքելու կարիք չենք տեսնում․ վարչապետն ասել է՝ ինչու

Թրամփը հաստատել է, որ ԱՄՆ-Իրան բանակցությունները տեղի կունենան Դոհայում՝ երեքշաբթի

Որոշվել է երկու ծառայողի նկատմամբ կիրառել «Ծառայության դադարեցում» կարգապահական տույժը. ՆԳՆ