Ժամկետային զինվորական ծառայությունից խուսափած անձի վերաբերյալ գործը դատախազն ուղարկել է դատարան

Արագածոտնի մարզի բնակիչը, ժամկետային զինվորական ծառայությունից ազատվելու օրինական հիմքերի բացակայության պայմաններում, այլ անձի մոտ առկա հիվանդության ախտորոշումն օգտագործելու եղանակով, խուսափել է 2021 թվականի ձմեռային զորակոչից, ճանաչվել է ծառայությանը ոչ պիտանի և հաշվառվել պահեստազորում: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Քննչական կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել է, որ 2003 թվականին ծնված Ս.Մ.-ն 2021 թվականի դեկտեմբերին, Պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Արագածոտնի մարզի տարածքային ստորաբաժանում (այսուհետ՝ ՊՆ տարածքային ստորաբաժանում) է ներկայացրել իբրև իր մոտ ախտորոշված՝ Կառավարության որոշմամբ հաստատված ցանկում ներառված հիվանդության մասին տեղեկանք (քրեական վարույթով պարզվել է, որ տեղեկանքը վերաբերել է կեղծ անձնագրով բժշկական հաստատություն դիմած այլ անձի): Փաստաթղթում նշված հիվանդության իսկությունը ստուգելու նպատակով՝ ՊՆ տարածքային ստորաբաժանման զորակոչային բժշկական հանձնաժողովի բժիշկ-մասնագետը Ս.Մ.-ին ուղեգրել է նույն բժշկական կենտրոն՝ բժշկական հետազոտության, որտեղ Ս.Մ.-ի փոխարեն կրկին կեղծ անձնագրով նմուշ է հանձնել վերոնշյալ անձը: Ստանալով հիվանդության առկայության մասին հաստատումը՝ Կենտրոնական բժշկական հանձնաժողովի՝ 2022 թվականի հունվարի 27-ի եզրակացությամբ՝ Ս.Մ.-ն ճանաչվել է ժամկետային զինվորական ծառայությանը ոչ պիտանի և հաշվառվել պահեստազորում:

Ս.Մ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (փաստաթուղթ կեղծելու կամ խաբեության այլ ճանապարհով ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելը):

Դատախազը 2024 թվականի դեկտեմբերի 18-ին հաստատել է Ս.Մ.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:

Related posts

Գևորգ Պապոյանը կգործուղվի Շվեյցարիա

Ժնևի ՄԱԿ գրասենյակում Հայաստանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ շախմատի դիվանագիտական անդրանիկ մրցաշարը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին․ Սուրեն Պապիկյան