Ժամանակն է վերականգնել հանրային և ազգային միասնությունը. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն արձանագրում է, որ Հայաստանի քաղաքացին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթել է, և ժամանակն է վերականգնել հանրային և ազգային միասնությունը:

«Արձանագրենք, որ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը խոսեց, և ժողովուրդը կայացրեց իր որոշումը, և այդ որոշման բովանդակությունը պարզ է. այն ձևակերպվել էր դեռևս նախընտրական քարոզարշավի ժամանակ, բայց արձանագրենք, որ տեղի ունեցավ այն, ինչը կանխատեսվում էր: Իսկ կանխատեսվում էր, որ ՀՀ քաղաքացին այս ընտրություններում անխուսափելիորեն հաղթելու է: Եվ ես ուզում եմ ևս մեկ անգամ իմ շնորհակալության և խոնարհումի խոսքերն ասել ՀՀ բոլոր քաղաքացիներին, որ այս դաժան փորձությունների միջով անցնելով մենք կրկին վերգտանք իրար որպես մի ամբողջություն, և ահա հանրային և ազգային միասնությունը վերականգնելու ժամանակն է»,- «Քացաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում համակիրների հետ հանդիպմանը նշեց Փաշինյանը:

Նա ընդգծեց, որ Հայաստանի ժողովուրդը վերջին երեք տարվա մեջ արեց երկրորդ հեղափոխությունը, և եթե առաջինը ոչ բռնի, թավշյա ժողովրդական, հեղափոխությունն էր, 2021 թվականին տեղի ունեցավ կրկին ոչ բռնի, կրկին ժողովրդական, բայց այս անգամ արդեն պողպատյա հեղափոխությունը: «Եվ ինչ պայմանավորվել ենք, այդ բոլոր պայմանավորվածությունները հատիկ-հատիկ ի կատար կածվեն անխուսափելիորեն և անբեկանելիորեն, որովհետև այդ բոլոր պայմանավորվածությունները, որ իրականացվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզարշավի շրջանակներում, այլևս ժողովրդի կամքն են, և ժողովրդի կամքը պիտի ի կատար ածվի:

Նա նաև հավելեց, որ ՀՀ-ում ընտրությունների կեղծման էջը փակված է անշրջելիորեն: «Իհարկե, այս ընթացքում մեր իրավապահ մարմինները կարողացան բավականին արդյունավետ գործել ընտրակաշառքների և այլ ընտրակեղծիքների դեմ: Ես ուզում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել ՀՀ ոստիկանությանը, ԱԱԾ-ին այդ դժվար առաքելությունը իրականացնելու համար: Մենք ելնում ենք այն կանխավարկածից, որ այդ երևույթները իսպառ վերացնել և չեզոքացնել, բնականաբար, հնարավոր չի եղել, և այնուամենայնիվ, դրանք որոշակի ազդեցություն ընտրությունների արդյունքների վրա ունեցել են: Բայց, ընդհանուր առմամբ, որ ՀՀ-ում անշրջելիորեն փակված է ընտրությունների կեղծման էջը, և Հայաստանում իշխանությունն այլևս ձևավորվելու է միայն ու միայն ժողովրդի ազատ կամարտահայտմամբ, կարծում եմ աներկբա և հասկանալի է բոլորիս»,- ասաց Փաշինյանը:

Նա հավելեց՝ եկել են մի հանգրվանի, երբ պիտի զբաղվեն ազգային և հանրային միասնությունը վերականգնելու խնդրով: «Ուզում եմ ասել, որ հենց առաջիկա օրերից մենք քաղաքական կոնսուլտացիաներ կսկսենք ընտրություններին մասնակցած բոլոր առողջ ուժերի հետ՝ հասկանալու համար նրանց պատկերացումները մեր քաղաքական կյանքի և հանրային ներուժի կոնսոլիդացման հետագա հնարավորությունների մասին: Մենք նաև քայլեր կձեռնարկենք մեր երկրում գործարար, մշակութային, գիտական առողջ ուժերը կառավարության շուրջ համախմբելու և մեր երկրի և պետության առաջ ծառացած խնդիրների լուծմանը ներգրավելու հարցում: Սա շատ կարևոր արձանագրում է, որ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը ՔՊ-ին տվել է մանդատ առաջնորդել երկիրը, բայց էլի եմ ասում՝ մենք առավելագույնը կանենք քննարկելու և մեր մանդատի շուրջ համախմբելու հանրային բոլոր առողջ ռեսուրսները և ՀՀ-ում իսկապես օրենքի և իրավունքի վրա հիմնված ազգային միասնություն և ազգային համաձայնություն ձևակերպելու համար»,- նշեց Փաշինյանը:

Related posts

ՀՀ տարածքը չի կարող օգտագործվել երրորդ պետությունների կողմից հարևան պետություններից որևէ մեկի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու համար. ԱԳՆ մամուլի խոսնակ

Փարիզում 100 տարվա մեջ առաջին անգամ թույլատրել են լողալ Սեն գետում

Խանջյան փողոցում ծառի ճյուղերը և նստարանը ընկել են քաղաքացու վրա. նա հոսպիտալացվել է բժշկական կենտրոն