Թրամփը հայտարարել է ամերիկյան ընտրական համակարգի խոցելիության մասին

ԱՄՆ-ում նոյեմբերին նախատեսված Կոնգրեսի միջանկյալ ընտրությանն ընդառաջ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է ամերիկյան ընտրական համակարգի խոցելիության մասին:

ԱՄՆ նախագահը նշել է, որ Չինաստանն ապօրինաբար հասանելիություն է ստացել ամերիկացի 220 միլիոն ընտրողի տվյալների և փորձել է խանգարել իր վերընտրվելուն, սակայն հատուկ ծառայություններում այսպես կոչված «խորքային պետության» ներկայացուցիչները թաքցրել են այդ տեղեկությունը։

Նա պնդել է, որ Պեկինը փորձել է ազդել նաև 2020 թվականի ընտրության արդյունքների վրա:

«Մեր երկրին հսկայական վնաս է հասցվել։ Մեր ընտրությունները խոցելի են, իսկ ամերիկացի ժողովրդի վստահությունը խարխլվել է։ Այսպես շարունակվել չի կարող»,- հավելել է Սպիտակ տան ղեկավարը։

Անվտանգային ճգնաժամը հաղթահարելու նպատակով նա կոչ է արել ընդունել օրինագիծ, որը պարտավորեցնում է ընտրողներին ընտրատեղամասերում հաստատել իրենց ինքնությունը և քաղաքացիությունը։

«ԱՄՆ-ի հակառակորդները, այդ թվում՝ առնվազն Ռուսաստանը, Չինաստանը, Իրանը և Հյուսիսային Կորեան, ունեն ԱՄՆ-ի ընտրական ենթակառուցվածքին վնաս հասցնելու հնարավորություններ»,- հայտարարել է Սպիտակ տան ղեկավարը։

Իր պնդումները հիմնավորելու համար Թրամփը հրապարակել է մի շարք գաղտնազերծված փաստաթղթեր։ Սակայն, ըստ The New York Times-ի գնահատականի՝ դրանք որևէ էական նոր տեղեկություն չեն պարունակում։

Չինաստանը հերքել է ԱՄՆ ընտրություններին միջամտելու մեղադրանքները՝ շեշտելով, որ ընտրություններն ամեն երկրի ներքին գործն են:

Related posts

Մալաթիայի ջրանցքից դուրս են բերել տղամարդու, որը հայտնել է՝ իր հետ ևս 2 մարդ է ընկել ջրանցքը

Մանկապարտեզում երեխային դաժան ծեծած դաստիարակի գործըն ուղարկվեց դատարան

ՆԳ նախարարը շնորհավորական ուղերձ է հղել Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության ստեղծման 35-րդ տարեդարձի կապակցությամբ