Թուրքիայից Հայաստան ժամանած լրագրողները այցելել են հայ-թուրքական սահման

ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի կողմից կազմակերպված` թուրքական լրատվամիջոցների մասնակցությամբ եռօրյա մեդիատուրի շրջանակներում լրագրողներն այցելել են Հայաստան-Թուրքիա պետական սահմանի «Մարգարա» անցակետ։

Lրատվամիջոցների ներկայացուցիչները ծանոթացել են վերանորոգված անցակետին, դրա տեխնիկական հնարավորություններին։ Արձանագրվել է, որ անցակետն ամբողջությամբ պատրաստ է գործարկմանը։

Լրագրողների թվում է եղել նաև «Ակոս» պարբերականի թղթակից Լուսյեն Քոփարը, ով տեղում հարցազրույց է անցկացրել Օրբելի կենտրոնի փորձագետներից Արմեն Պետրոսյանի հետ։ Պարբերականում հրապարակված հոդվածում Արմեն Պետրոսյանը ներկայացրել է «Մարգարա» անցակետի վերանորոգման ընթացքից որոշ մանրամասներ։

«Թուրքիայի և Հայաստանի ներկայացուցիչները երկար ժամանակ տարբեր հանդիպումներ են անցկացրել։ Այն կետը, որին հասել են երկու կողմերը, դրական էր։ Դրանից հետո Հայաստանը սկսել է «Մարգարա» սահմանային անցակետի վերանորոգման աշխատանքները, որոնք տևել են մեկ տարի։ Վերանորոգվել է նաև Հայաստանից անցակետ տանող ճանապարհը։ Անցակետը պատրաստ էր 2023 թվականին։ Փետրվարի 6-ին Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժերի ժամանակ այն երկու կողմերի որոշմամբ բացվել է մարդասիրական օգնության և բեռնատարների համար։ Այս ամենը փաստացի ցույց տվեց, որ այս սահմանային անցակետը կարող է գործել ամբողջ ներուժով»,- նշել է Պետրոսյանը։

Ավելի վաղ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնից հայտնել են, որ նպատակ ունենալով Թուրքիայի լայն հանրությանը հնարավորինս ուղիղ և հանգամանալից ներկայացնել տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Հայաստանի մոտեցումներն ու դիրքորոշումները, կազմակերպվել է թուրքական լրատվամիջոցների մեդիատուր։

Related posts

Սյունիքի նախկին մարզպետն ու ընտանիքը հրավիրվել են ապօրինի գույքի բռնագանձման գործերով վարչություն

Տարեվերջին կամ մյուս տարի Վերին Լարսի ձյունահյուսավտանգ հատվածը շրջանցող ճանապարհը պատրաստ կլինի. ՏԿԵ փոխնախարար

Սպասվում է փոփոխական եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա