«Թումո» կենտրոնները և «Թումո տուփերը» հասանելի կլինեն Հայաստանի ամբողջ տարածքում

Կառավարության այսօրվա նիստում անդրադարձ է եղել «Սիմոնյան» կրթական հիմնադրամի իրականացրած «Թումոն տուփի մեջ» կրթական ծրագրին: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է ծրագրի մանրամասները և առաջիկա անելիքները:

«Այս ծրագիրը մեկ այլ՝ շատ կարևոր և խոշոր նախագծի հատված է, որով փորձում ենք որակյալ կրթական ծառայությունները՝ ներառյալ ոչ ֆորմալ կրթությունը, ինչպիսին իրականացնում է «Թումոն», դարձնել հասանելի Հայաստանի բոլոր բնակավայրերում»,- ասել է ԿԳՄՍ նախարարը:

Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ նախատեսվում են 16 խոշոր կենտրոններ, որոնցում հնարավոր է սովորել «Թումոյի» ամբողջական կրթական ծրագրով և 110 շարժական «Թումո տուփեր», որոնք հիմնականում տեղադրվում են դպրոցների հարևանությամբ:

«Թումո տուփերի» միջոցով երեխաներն անցնում են ուսումնառության առաջին հատվածը, որն առավել հիմնված է ինքնուսուցման վրա: Այնուհետ 2-րդ փուլի ուսուցումը հնարավոր է շարունակել խոշոր կենտրոնում՝ օգտվելով տրանսպորտային ծառայությունից: «Այս մոդելով է աշխատում Դիլիջանի կենտրոնը:

Գավառում և Բերդում «Թումո տուփի» առաջին փուլի ուսումնառությունից հետո երեխաները կրթությունը խորացնում են Դիլիջանի խոշոր կենտրոնում: 16 կենտրոնները և 110 տուփերը ծածկելու են Հայաստանի ամբողջ աշխարհագրությունը՝ հասանելի դարձնելով կրթական ծրագիրը բոլոր բնակավայրերում»,- ասել է նախարար Ժաննա Անդրեասյանը և հավելել, որ այս պահին ընթացքի մեջ են նաև մի շարք տուփերի տեղադրման և Կապանում, Էջմիածնում ու Կողբում խոշոր կենտրոնների կառուցման աշխատանքները:

Նախարարի գնահատմամբ՝ կարևոր հանգամանք է «Թումո տուփի»՝ դպրոցների հարևանությամբ տեղադրումը, ինչը հնարավորություն է դպրոցների զարգացման, իսկ երեխաների և ուսուցիչների համար՝ նոր հմտությունների ձեռքբերման ու վերապատրաստման տեսանկյունից: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացմամբ՝ «Թումո» ծրագրի ընդլայնման նպատակով անհատույց օգտագործման իրավունքով տարածք է հատկացվել: ԿԳՄՍ նախարարի տեղեկացմամբ՝ նախագծի հաստատումը հնարավորություն է տալիս, որ 900 երեխաներ Ախուրյանում և 300-ը՝ Փանիկում, կարողանան օգտվել ծրագրից:

«Թումո» ծրագիրն ունի 14 ուղղություն, այդ թվում՝ ֆիլմերի ստեղծում, անիմացիա, երաժշտություն և այլն: Ըստ նախարար Ժաննա Անդրեասյանի՝ հատկանշական է, որ կենտրոնները բացվում են պատմամշակութային արժեք ունեցող շենքերում, ինչը մշակութային ժառանգությանը նոր շունչ է հաղորդում և նոր միջավայր ստեղծում: Գյումրիում կենտրոնը կառուցվել է թատրոնի պատմական շենքում, իսկ Կապանում նախատեսվում է հին կայարանի շենքում:

7 «Թումո» կենտրոն գործում է նաև արտերկրում: Կենտրոնների ստեղծմամբ հետաքրքրված են նաև Ճապոնիայում և Մեքսիկայում. «Թումո» կենտրոնները դառնում են նաև արտահանվող կրթական ծառայություն:

Related posts

Մայիսի 3-6-ը տեղացած անձրևի հետևանքով հեղեղումները վնասներ են պատճառել Երևանի մի շարք վարչական շրջաններում

Ուզում եմ զգուշավոր լավատեսություն հայտնել առաջիկայում սպասվող բանակցությունների առումով. Միրզոյան

Ողջունում ենք և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի կողմից զգալի քայլերը դեպի խաղաղություն. Հունգարիայի ԱԳ նախարար