Թմրաշրջանառության դեպք՝ Շիրակի մարզում

Շիրակի մարզային քննչական վարությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում «Մերսեդես» մակնիշի մեքենայի զննությամբ հայտնաբերվեց կպչուն ժապավենի չորս փաթեթ: Դրանցում մարիխուանայի նմանվող զանգված էր: Իսկ թե այդ «Մերսեդեսով» ինչու՞ էր Գյումրի հասել Արագածոտնի մարզի Աղձք գյուղի բնակիչ 35-ամյա երիտասարդը` պարզել էին Համայնքային ոստիկանության Ամասիայի բաժնի ծառայողները։

Նրանք ստացել էին օպերատիվ տեղեկութուն, որ 35-ամյա երիտասարդը մոտը պահում է թմրանյութ և «Տելեգրամ» հավելվածի միջոցով զբաղվում թմրամիջոցների իրացմամբ:
Հունվարի 8-ին, կեսօրից քիչ անց, Գյումրիի Բաղրամյան փողոցում, թմրանյութ պահելու և իրացնելու կասկածանքով երիտասարդը ձերբակալվեց և իր վարած «Մերսեդեսով» հանդերձ տեղափոխվեց Ամասիայի համայնքային բաժին:
Բացատրական աշխատանքն արագ արդյունք տվեց: Նա հայտնեց, որ նախորդ օրը մի կայքէջից ստացել է վարձատրության դիմաց թմրանյութ տեղադրելու առաջարկ, երեկոյան ութին Երևանի մոտակայքում, պայմանավորված տեղից, վերցրել է կպչուն ժապավենի չորս փաթեթ, որոնք պետք է տեղադրեր Գյումրիում, ինչը, սակայն, իրավապահները կանխել են:

35-ամյա երիտասարդը հավելեց, որ նույն կայքէջից նման առաջարկ էր ստացել նաև դեկտեմբերի 30-ին, Երևանի տարբեր վայրերում տեղադրել էր չորս փաթեթ, իսկ որպես վարձատրություն ստացել էր կես գրամ մարիխուանա, որն անձամբ օգտագործել էր:
Դատարանի որոշմամբ հունվարի 10-ին «Մերսեդեսի» խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայով լցված կաթուցիչ ու երկու փաթեթ, նաև կրիստալի նմանվող զանգվածով մեկ փաթեթ:
Նախաքննությունը շարունակվում է:

`

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related posts

Թուրքիա այցելող զբոսաշրջիկների թիվը նվազել է

Խաղաղությանը հասնելը շատ ավելի բարդ խնդիր է, քան պատերազմում հաղթելը. Հաջիև

Գուցե ձեզ հյուսիսից հաթաթա՞ են տվել, թե՝ քանի՞ գլխանի եք, որ Խաղաղության խորհրդին կողմ եք քվեարկել. Բաղդասարյանի կոչը տղամարդ պատգամավորներին