Իրանի հատուկ ծառայությունները Թեհրանում բռնել են բեռնատար, որը կասկածվում էր առաջադեմ իսրայելական անօդաչու թռչող սարքեր տեղափոխելու մեջ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է իրանական Press TV-ն։
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել հունիսի 15-ին։ Իրանական հետախուզության աշխատակիցը հետապնդել է կասկածելի բեռնատարը։ Երկու ճշգրիտ կրակոց արձակելով՝ սպան կանգնեցրել է մեքենան. արդյունքում բացահայտվել է Իսրայելի գործողությունների հետ կապված բարդ անօդաչու թռչող սարքերի պահեստ։
Իրավասու մարմինները չեն բացահայտել դեպքի մանրամասները, սակայն ընդգծել են արտաքին սպառնալիքներին դիմակայելու իրենց վճռականությունը։
Press TV-ն նաև նշում է, որ Իրանի իրավասու մարմինները խուզարկություն են իրականացրել Թեհրանի ծայրամասում գտնվող եռահարկ բնակելի շենքում՝ բացահայտելով «Մոսադ»-ի՝ Իսրայելի հետախուզական գործակալության կողմից շահագործվող անօդաչու թռչող սարքերի և պայթուցիկ նյութերի հավաքման գաղտնի հաստատություն։
Հունիսի 15-ին ոստիկանությունը հրապարակել է տեսանյութ, որտեղ երևում են անօդաչու թռչող սարքերի բաղադրիչները, այդ թվում՝ թևերը և ֆյուզելյաժի մասերը, ինչպես նաև արտադրության համար օգտագործվող մետաղական գործիքները։
Պաշտոնյաների խոսքով՝ անօդաչու թռչող սարքերը պատրաստվում էին տան ներսում։ ԱԹՍ-ների մասերի պատրաստման համար նախատեսված սարքավորումներն առգրավվել են։
Ավելի վաղ Axios լրատվական հարթակը, վկայակոչելով իսրայելական պնդումները, հայտնել էր, որ «Մոսադ»-ի պաշտոնյաները խոստովանել են, որ ութ ամսվա ընթացքում մաքսանենգ ճանապարհով ԱԹՍ-ներ են ներկրել Իրան՝ հրթիռային ենթակառուցվածքները թիրախավորելու համար։
The Guardian թերթն իր հերթին նշել է, որ «Մոսադ»-ի գործակալները տեղակայվել են Իրանի ՀՕՊ օբյեկտների մոտ՝ համակարգված դիվերսիաների և անօդաչու թռչող սարքերով հարվածների համար։
Հունիսի 13-ի առավոտյան Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին։ Հարձակման հետևանքով զոհվել է 224 մարդ, վիրավորվել՝ 1227-ը։ Նրանց 90%-ը քաղաքացիական անձինք են։ Զոհվել են նաև բարձրաստիճան զինվորականներ, միջուկային ոլորտի գիտնականներ։
Իրանի պատասխան հարվածների հետևանքով Իսրայելում զոհվել է 24 մարդ, 287 մարդ վիրավորվել է։