Ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելու համար մեղադրվող 3 անձի վերաբերյալ քրեական վարույթի նյութերն ուղարկվել են դատարան

ՀՀ ՆԳՆ քրեական ոստիկանությունից և Ազգային անվտանգության ծառայությունից ստացված հաղորդումների հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով պարզվել է, որ 2025 թվականի մարտի 30-ին նշանակված՝ Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրությանը մասնակցող կուսակցությունների դաշինքներից մեկի կողմից առաջադրված թեկնածուի ազգականը և նշված դաշինքի ավագանու երկու թեկնածուները նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, բարեգործության անվան տակ ընտրողներին մատուցել են ծառայություններ և բարեգործության հետ միաժամանակ իրականացրել նախընտրական քարոզչություն:

«Մասնավորապես՝ Գյումրի համայնքի փողոցներում կատարել են հարթեցման և խճապատման աշխատանքներ, որոնք ներկայացվել են որպես ընտրողների շրջանում ծառայությունների մատուցում, ընտրողի խնդրանքի կատարում՝ փաստացի իրականացնելով նախընտրական քարոզչություն։

Այդ կերպ վերը նշված երեք անձինք ընտրությունների նշանակման որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև ընտրությունների արդյունքների ամփոփումը բարեգործության անվան տակ, նախընտրական քարոզչություն իրականացնելով զուգորդված, ընտրողների համար անհատույց ծառայություններ մատուցելու եղանակով խախտել են ընտրության ժամանակ բարեգործության արգելքը, որի համար նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 221-րդ հոդվածի 1-ին մասով:

Մեղադրյալների նկատմամբ համակցված կիրառվել են վարչական հսկողությունն ու բացակայելու արգելք խափանման միջոցները։

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related posts

Քննարկվել է 2026-2028 թթ. ՄԺԾԾ հարկաբյուջետային և ծախսային շրջանակը

Վարչապետի որոշմամբ Կարեն Սեդրակյանը նշանակվել է ջրային կոմիտեի նախագահ

Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Հնդկաստան