Ընկերության տնօրենը հափշտակել է շուրջ 102 մլն դրամ. հարուցվել է հանրային քրեական հետապնդում

Հայաստանի Հանրապետությունում հաշվառված AQUILA TECHNICS ՍՊ ընկերության տնօրեն Կ.Ա.-ն 2018 թվականի դեկտեմբերի 28-ին պայմանագիր է կնքել ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի (այսուհետև՝ Կոմիտե) հետ՝ պարտավորվելով ապահովել N օդանավի թռիչքային պիտանելիության պահպանման և տեխնիկական սպասարկման աշխատանքները:

Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում հարուցված քրեական վարույթի շրջանակում պարզվել է, որ 2021 թվականի մայիսին Կ.Ա.-ն, տեղեկացված լինելով օդանավի THS Actuator պահեստամասի՝ կոռոզիայի ենթարկված լինելու պատճառով փոխարինման անհրաժեշտության մասին և տեղյակ լինելով, որ այդ պահեստամասը կարող է ձեռք բերել անգլիական Avtrade limited ընկերությունից 200 հազար ԱՄՆ դոլարով, 2021 թվականի մայիսի 7-ի՝ բովանդակությամբ կեղծ գրությամբ Կոմիտեին առաջարկություն է ներկայացրել նշված պահեստամասի օգտագործված տարբերակը 310 հազար ԱՄՆ դոլարով գնել այդ պահին գոյություն չունեցող՝ կիպրական Brightcom Aviation Ltd ընկերությունից:

Դրանից հետո, առավել մեծ շահույթ ստանալու նպատակով, Կ.Ա.-ն, չարաշահելով Կոմիտեի ղեկավար անձնակազմի վստահությունը, մոլորեցնելու եղանակով 2021 թվականի մայիսի 17-ին մեկ այլ՝ բովանդակությամբ կեղծ գրությամբ հայտնել է, թե իբր վերը նշված օգտագործված պահեստամասը վաճառվել է՝ առաջարկելով նույն ընկերությունից ձեռք բերել նույն պահեստամասը՝ առավել բարձր արժեքով՝ 370 հազար ԱՄՆ դոլարով:

Արդյունքում՝ նշված պահեստամասը Avtrade limited ընկերությունից 200 հազար ԱՄՆ դոլարով ձեռք բերելու փոխարեն, Կ.Ա.-ն 2021 թվականի նոյեմբերի 25-ին Կոմիտե է ներկայացրել 2021 թվականի մայիսի 30-ին կազմված՝ ենթադրաբար կեղծ հաշիվ-ապրանքագիր, նշված պահեստամասն այդ պահին գոյություն չունեցող Brightcom Aviation Ltd ընկերությունից ձեռք բերելու վերաբերյալ: Արդյունքում՝ պահեստամասի ձեռքբերման համար Կոմիտեի կողմից Կ.Ա.-ի ղեկավարած ընկերությանն է փոխանցվել 370 հազար ԱՄՆ դոլար, որից առանձնապես խոշոր չափերի՝ 170 հազար ԱՄՆ դոլարին համարժեք շուրջ 84 մլն դրամը Կ.Ա.-ն, պաշտոնեական դիրքն օգտագործելով, խարդախությամբ հափշտակել է:

Քրեական վարույթով հսկող դատախազի կողմից վարույթն իրականացնող քննիչին տրվել է հանձնարարություն, որի պահանջների կատարման նպատակով իրականացվել են մի շարք վարութային գործողություններ:

Վերոնշյալ գործողությունների արդյունքում պարզվել է, որ ենթադրյալ հանցանքի հետևանքով պետությանը պատճառվել է 102 մլն 350 հազար 371 դրամի վնաս:

2022 թվականի դեկտեմբերի 23-ին նշված գումարն ամբողջությամբ փոխանցվել է Քննչական կոմիտեի դեպոզիտ հաշվին:

2023 թվականի փետրվարի 9-ին քրեական վարույթի նյութերը ստուգման նպատակով կրկին ստացվել են ՀՀ գլխավոր դատախազությունում, որոնց ուսումնասիրությամբ պարզվել է, որ կատարվածը քողարկելու, հանցագործության հետքերը թաքցնելու, կատարված հանցանքին օրինական տեսք տալու ձգտումով Կ.Ա.-ն Կոմիտե ներկայացրած կեղծ հաշիվ-ապրանքագրերում նշված հասցեով (Gastras, 4 Athienou, 7600, Cyprus) 2021 թվականի հունիսի 8-ին հիմնադրել է BRIGHTCOM LIMITED անվամբ ընկերությունը:

Քրեական վարույթի նյութերի ուսումնասիրության արդյունքում, 2023 թվականի փետրվարի 13-ին հսկող դատախազի կողմից սեփական նախաձեռնությամբ որոշում է կայացվել Կ.Ա.-ի նկատմամբ հարուցել հանրային քրեական հետապնդում՝ արարքի կատարման պահին գործող ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Խարդախությամբ ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերի հափշտակություն) և ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով (Իրավունք վերապահող փաստաթուղթ կեղծելը և օգտագործելը):

Նույն օրը քրեական վարույթի նյութերը և Կ.Ա.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշումն ուղարկվել են վարույթն իրականացնող քննիչին՝ Կ.Ա.-ին մեղադրանք ներկայացնելու և նրա նկատմամբ պիտանի խափանման միջոց կիրառելու հարցը քննարկելու նպատակով:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related posts

Բարձր ենք գնահատում ՄԹ շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին. Նիկոլ Փաշինյան

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի՛ շրջանավարտներ, բոլորիդ հրավիրում եմ ընդգրկվելու ՀՀ կառավարության կադրային բանկում․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ