Ընդունելություն և համերգ՝ նվիրված Հայաստանի և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-րդ տարեդարձին

Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-րդ տարեդարձի կապակցությամբ հունիսի 13-ին Վրաստանում ՀՀ դեսպանության կողմից Թբիլիսիի Շոթա Ռուսթավել անվան պետական ակադեմիական թատրոնում կազմակերպվել է ընդունելություն և համերգ՝ Հայաստանի պարի պետական անսամբլի կատարմամբ։
Միջոցառմանը հրավիրված էին Վրաստանի կառավարության և պետական այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ, խորհրդարանի պատգամավորներ, Վրաստանում հավատարմագրված դեսպաններ, դիվանագիտական կորպուսի և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, հայ և վրացի հասարակական-մշակութային գործիչներ, Վրաստանի հայ համայնքի անդամներ, այլ հյուրեր։
Երկկողմ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ հյուրերին ուղղված ելույթներով հանդես են եկել Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը և Վրաստանի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Լաշա Դարսալիան։
Շնորհավորելով ներկաներին Հայաստանի և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման հոբելյանական տարեդարձի կապակցությամբ՝ դեսպան Ռուբեն Սադոյանը խոսել է երկու ժողովուրդներին դարերի ընթացքում միավորող բազմաթիվ կապերի և արժեհամակարգային ընդհանրությունների մասին՝ ընդգծելով, որ այս ամուր հիմքի վրա ձևավորված Հայաստանի և Վրաստանի միջև միջպետական հարաբերությունները հետևողականորեն շարունակում են զարգանալ՝ արձանագրելով նոր դինամիկա, նոր տրամադրություն և նոր հեռանկարներ։
Իր հերթին, Լաշա Դարսալիան կարևորել է բարձր և բարձրագույն մակարդակում փոխադարձ այցելությունների պարբերականությունը, որն արտացոլում է երկու պետությունների միջև առկա փոխվստահությունը, բարեկամությունն ու կարևոր օրակարգը՝ հույս հայտնելով, որ Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությունը օրինակելի կդառնա տարածաշրջանի համար։

Related posts

Մահացել է Արմեն Հովհաննիսյանը

Անկախ Հայաստանի պատմության առաջին նորակառույց ջրամբարում արդեն սկսել են ջուր կուտակել. տեսանյութ

Նոր փառահեղ էջեր կգրենք բրազիլական ֆուտբոլի պատմության մեջ. Անչելոտին՝ Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ