Ըմբշամարտիկ Արսեն Ջուլֆալակյանն ավարտում է կարիերան

Ըմբշամարտիկ Արսեն Ջուլֆալակյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է սպորտից հեռանալու մասին։ Նա նշել է

Ահա և վերջ…
Ցանկացած լավ բան մի օր ավարտվում է:
Պաշտոնապես հայտարարում եմ մարզիկի պրոֆեսիոնալ կարիերայիս ավարտի մասին:
23 տարի, Աշխարհի և Եվրոպայի չեմպիոնի,Աշխարհի գավաթակրի,Օլիմպիական փոխչեմպիոնի նվաճված տիտղոսներ, աննկարագրելի զգացողություններ, անթիվ-անհամար հիշողություններ…
Երջանիկ եմ, որ հնարավորություն եմ ունեցել բարձր պահել Հայաստանի Հանրապետության պատիվը համաշխարհային ամենահեղինակավոր մրցաշարերում, հնչեցնել Հայոց Հիմնը և պարգևել ուրախության և հաղթանակի ակնթարթներ հազարավոր մեր հայրենակիցներին աշխարհով մեկ: Այդ զգացումն ուղղակի անկրկնելի է:

Իրականում շատ երկար կարելի է արտահայտվել, բայց կբավարարվեմ միայն շնորհակալական խոսքով, իսկ ավելի ծավալուն կխոսեմ մամլո ասուլիսի և հարցազրույցների ձևաչափով:
Առաջին հերթին շնորհակալ եմ ընտանիքիս և այն մարզիչներիս, ովքեր անշահախնդիր և իրապես նվիրվեցին այս ծանր գործին:

Ձեր շնորհիվ միայն հնարավոր եղան այս մեծ նվաճումները:
Շնորհակալ եմ ընկերներիս,ովքեր անկախ իրավիճակից, երբեք չլքեցին ինձ: Իհարկե, այդ շրջանակը լրջագույն ֆիլտրացիայի ենթարկվեց:

Շնորհակալ եմ գերմանական KSV Aalen 05 և ֆրանսիական C.P. Besançon ակումբներին,որոնցում ընդհանուր առմամբ 9 տարի հանդես եկա: Թերագնահատել նրանց ներդրումը հաղթանակներիս և կայացմանս մեջ ուղղակի անհնար է: Եվ որ էլ ավելի կարևոր է, ձևավորվեցին շատ ջերմ, ընկերական հարաբերություններ և միջազգային կապեր:

Շնորհակալություն Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիային, ՀԱՕԿ-ին և երջանկահիշատակ սպորտի նախարարությանը՝ աջակցելու և գնահատելու համար արված աշխատանքը:

Շնորհակալ եմ բոլորին, ովքեր ուրախացել և տխրել են իմ հաղթանակներով և պարտություններով:
Հպանցիկ նշեմ նաև չարախոսներին և վատաբանողներին: Կեցցե՛ք, ձեր քայլերով և ձեր առողջության հաշվին մոտիվացրեցիք ինձ և տվեցիք այն սպորտային ագրեսիան,որը երբեմն կարող էր պակասել: Շարունակե՛ք նույն ոճով:
Եվ իհարկե, շնորհակալություն սպորտային անաչառ լրագրողներին, ովքեր այդ ամենը լուսաբանեցին:

Related posts

Փրկարարներն իրականացնում են քամու հետևանքով տապալված և կոտրված ծառերի մասնատման, հեռացման աշխատանքներ

ՀՀ տարածքը չի կարող օգտագործվել երրորդ պետությունների կողմից հարևան պետություններից որևէ մեկի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու համար. ԱԳՆ մամուլի խոսնակ

Փարիզում 100 տարվա մեջ առաջին անգամ թույլատրել են լողալ Սեն գետում