Զինված բախում Իրանա-աֆղանական սահմանին. կան զոհեր և վիրավորներ

Իրանի և Աֆղանստանի սահմանին գտնվող սահմանային կետերից մեկի մոտ փոխհրաձգության հետևանքով սպանվել են երկու իրանցի սահմանապահներ և Թալիբան շարժման մեկ զինյալ։ Եվս մի քանի հոգի վիրավորվել է։

Շաբաթ օրը երկու կողմի միջև կոնֆլիկտի պատճառները չեն հաղորդվում, սակայն հայտնի է, որ Թեհրանն ու թալիբներն արդեն երկար ժամանակ է համաձայնության չեն կարող գալ սահմանամերձ շրջաններում ջրի բաշխման շուրջ։

Թալիբների կառավարության ներքին գործերի նախարարության խոսնակը հայտնել է, որ «իրանական սահմանապահ ուժերը կրակ են բացել աֆղանական տարածքի ուղղությամբ Նիմրուզ նահանգում, որին պատասխան կրակ է բացվել»։
Իրանի ոստիկանության հրամանատարի տեղակալ բրիգադային գեներալ Քասեմ Ռեզաին էլ ասել է, որ շաբաթ առավոտյան ժամը 10:00-ին թալիբները բոլոր տեսակի զենքերից կրակ են բացել իրանական ոստիկանական բաժանմունքի ուղղությամբ, որտեղ գտնվել են սահմանային անցակետում ծառայություն իրականացնող ոստիկաններ։ Ռեզայիի խոսքով՝ իրանական կողմը վճռական պատասխան է տվել թալիբների այդ սադրանքին։
Իրանի կառավարական Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հակամարտությունում օգտագործվել է «թեթև զինատեսակներ և հրետանի»։
Այս հակամարտության հետ կապված իրանական կողմը որոշել է փակել Մելոք-Զարանջ սահմանային անցակետը, որը կարևոր դերակատարում ունի սահմանային առևտրի մեջ։
Միաժամանակ աֆղանական կողմը՝ ի դեմս ՆԳՆ ներկայացուցչի հայտարարել է, որ չեն ցանկանում կոնֆլիկտ ունենալ իրենց հարևանների հետ՝ վստահեցնելով, որ «այժմ իրավիճակը վերահսկվում է»։
Նշենք, որ չնայած Թեհրանն ու Քաբուլը դիվանագիտական հարաբերություններ ունեն, սակայն Իրանի Իսլամական Հանրապետությունը դեռ պաշտոնապես չի ճանաչել թալիբների ձևավորած կառավարությունը։
Աֆղանստանում թալիբների իշխանության գալուց ի վեր երկու կողմի միջև բազմաթիվ բախումներ և զինված միջադեպեր են տեղի ունեցել հատկապես Նիմրուզ նահանգում։

Related posts

Պարզվում են Սյունիքում իրանցի զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսի վթարման և դրա հետևանքով 5 անձի մահվան հանգամանքները․ ՔԿ

Բռնցքամարտիկ Բարեղամ Հարությունյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգին, Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր