Զինված անձը վնասազերծվել է. ոստիկանների բացահայտումը

Մայիսի 27-ի գիշերը՝ ժամը 4.05-ին, օպերատիվ կառավարման կենտրոնից Արմավիրի բաժին ստացվել է հաղորդում: Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղի բնակիչն ահազանգել էր, թե քիչ առաջ տան վրա հարձակում են գործել, նրանց մոտ կարծես զենք կա:

Ոստիկանությունից հայտնել են՝ բաժնի օպերատիվ խումբը մեկնել է Բամբակաշատ:

Պարզվել է, որ նույն գյուղի բնակիչ 46-ամյա տղամարդը, կոտրելով պատուհանի ապակին, մտել է տուն, և երբ տանտերը ձայներից արթնացել է, դիմել է փախուստի:

Նախաձեռնվել է քրեական վարույթ:

Տղամարդու ինքնությունը պարզելուց հետո ոստիկանության Արմավիրի մարզային վարչության, Արմավիրի բաժնի և մարզի պարեկային ծառայության աշխատակիցները մեկնել են նրա տուն:

Պարզվել է, որ 46-ամյա տղամարդը թաքնվում է նկուղում:

Ոստիկանները համոզել են նրան դուրս գալ, սակայն տղամարդը հրաժարվել է, ասել՝ իրեն կվնասի: Իրավապահները սկսել են բանակցել նրա հետ:

Մոտ հինգ ժամ տևած բանակցությունների ընթացքում տղամարդը մի քանի անգամ կրակել է:

Ոստիկաններին հաջողվել է նրան վնասազերծել, ժամը 9.40-ին ձերբակալել և տեղափոխել ոստիկանության Արմավիրի բաժին:

Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են ինքնաձիգի փամփուշտ կրակելու համար նախատեսված երկփողանի հրազենի նմանվող առարկա` յուրաքանչյուր փողում ինքնաձիգի մեկ փամփուշտ, տարատեսակ 12 փամփուշտ, գազային ատրճանակի փամփուշտ կրակելու համար նախատեսված ինքնաշեն սարք, գաղտնի փականով ծալովի դանակ, լապտեր ու բջջային հեռախոս։

Տղամարդը հայտնել է, որ ինքնաշեն հրազեն-առարկաներն ինքն է պատրաստել, դանակը և լապտերը գնել է խանութից, իսկ ինքնաձիգի փամփուշտները տարիներ առաջ գտել է։

Քննիչի որոշմամբ 46-ամյա տղամարդը ձերբակալվել ու տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

Related posts

Հնդկաստանում կրոնական միջոցառման ժամանակ 100-ից ավելի մարդ է մահացել

Ըմբշամարտի ԵԱ. Յուրիկ Հովեյանը հաղթել է թուրք մրցակցին

Հայաստան կժամանի ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած պատվիրակությունը