Երևանի քաղաքապետարանի և Շենգավիթ շրջանի պաշտոնյաների կաշառք ստանալու դեպքի քրվարույթով նախաքննությունն ավարտվել է. Հակակոռուպցիոն կոմիտե

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով կատարված ապացուցողական և վարութային այլ գործողություններով հիմնավորվել է, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երկու պաշտոնատար անձինք նախնական համաձայնությամբ՝ խմբի կազմում, իրենց ծառայողական լիազորություններն օգտագործելով կաշառք տվողի օգտին հովանավորչության և ապօրինի անգործության դիմաց, այն է՝ առանց համապատասխան թույլտվության շինարարական աշխատանքներ իրականացնելու և ապօրինի կոյուղատար կառուցելու պայմաններում վերջինիս վարչական պատասխանատվության չենթարկելու համար, 2024 թվականի հուլիսին և դեկտեմբերին նրանից ստացել են ընդհանուր 400.000 ՀՀ դրամ կաշառք: Այդ մասին հայտնում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից:

«Բացի այդ, նախաքննությամբ պարզվել է, որ Երևանի քաղաքապետարանի Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանման պետը, իր ծառայողական լիազորություններն օգտագործելով կաշառք տվողի օգտին հովանավորչության և ապօրինի անգործության, այն է՝ հագուստի խանութի արտաքին պատին ապօրինի ամրացված գովազդի համար համապատասխան թույլտվություն ստանալու գործընթացը կազմակերպելու և սահմանված չափանիշներին չհամապատասխանող գովազդը չապամոնտաժելու համար 2024 թվականի մայիսի 31-ին հիշյալ խանութի սեփականատիրոջից ստացել է կաշառք:

Նախնական համաձայնությամբ՝ խմբի կազմում կաշառք ստանալու և ծառայողական լիազորությունները չարաշահելու համար քաղաքապետարանի երկու պաշտոնատար անձանց մեղադրանքներ են ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով և ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (2 դրվագ):

Կաշառք ստանալու համար Շենգավիթ վարչական շրջանի պաշտոնյային մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, իսկ վերջինիս կաշառք տված անձին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:

Կաշառք ստացած երեք պաշտոնատար անձանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related posts

Երևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը

Վարդենիսի ղեկավար Դավիթ Շահնազարյանը և Սոթքի վարչական ղեկավար Սևակ Խաչատրյանը Հակակոռուպցիոն կոմիտեում են

ԱՍՀՆ-ն՝ ի գիտություն՝ ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման ծրագրի շահառուների