Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք քաղաքացուց կաշառք են ստացել. քրգործի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության տարածքային երրորդ բաժնի պետի պաշտոնը զբաղեցրած Ա. Ս.-ն և նույն բաժնի աշխատակից Կ. Ս.-ն, նախնական համաձայնությամբ, Ա. Բ.-ի օգտին ակնհայտ ապօրինի անգործության համար վերջինից անձամբ ստացել են խոշոր չափերով կաշառք:

Ըստ առաջադրված մեղադրանքների` Կ. Ս.-ն, հայտնաբերելով Երևան քաղաքի բնակիչ Ա. Բ.-ի կողմից 2022 թվականի մարտին շենքի բակում առանց թույլտվության ինքնակամ պատշգամբ կառուցելու փաստը, տեղեկացրել է, որ այդ արարքի համար նախատեսված է վարչական տույժ՝ 1 500 000-2 000 000 ՀՀ դրամի չափով, և բնակչի օգտին խնդիրը լուծելու շուրջ պայմանավորվածություն ձեռք բերելու համար վերջինիս առաջարկել է հաջորդ օրը ներկայանալ քաղաքապետարան` բաժնի պետ Ա. Ս.-ին հանդիպելու նպատակով:

2022 թվականի ապրիլի 11-ին Ա. Բ.-ն այցելել է Երևանի քաղաքապետարան, որտեղ  Ա. Ս.-ն և Կ. Ս.-ն նախնական համաձայնությամբ, իրենց պաշտոնեական դիրքն օգտագործելով, Ա. Բ.-ից պահանջել են խոշոր չափերով՝ 300 000 ՀՀ դրամ կաշառք: Վերջինս ընդունել է պաշտոնատար անձանց կաշառք տալու առաջարկը, որից հետո Կ. Ս.-ն պարբերաբար Ա. Բ.-ից պահանջել է կաշառքի գումարը՝ հայտնելով, որ այն չտալու դեպքում միջոցներ կձեռնարկեն նրան վարչական պատասխանատվության ենթարկելու համար:

2022 թվականի ապրիլի 28-ին Ա. Բ.-ն Կ. Ս.-ի ավտոմեքենայի մեջ նրան է փոխանցել 300 000 ՀՀ դրամ կաշառքը, որից անմիջապես հետո Կ. Ս.-ն բռնվել է ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից, իսկ կաշառքի գումարը հայտնաբերվել և վերցվել է ավտոմեքենայի զննությամբ:

Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Ա. Ս.-ին և Կ. Ս-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի (Կաշառք ստանալը) 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Ա. Բ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի (Կաշառք տալը) 2-րդ մասով:

Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related posts

Գևորգ Պապոյանը կգործուղվի Շվեյցարիա

Ժնևի ՄԱԿ գրասենյակում Հայաստանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ շախմատի դիվանագիտական անդրանիկ մրցաշարը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին․ Սուրեն Պապիկյան