Երկու նոր ժամանակակից ԷՊ2Դ էլեկտրագնացքներ համալրեցին Հարավկովկասյան երկաթուղու շարժակազմը

Օգոստոսի 6-ին Երևանի երկաթուղային կայարանում ներկայացվեցին միանգամից երկու նոր ԷՊ2Դ էլեկտրագնացքներ, որոնք Հարավկովկասյան երկաթուղին գնեց ռուսաստանյան արտադրողից`«Տրանսմաշհոլդինգ» ընկերությունից: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեցրել են   «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Էլեկտրագնացքները կսպասարկեն ներհանրապետական ուղերթները դեպի Գյումրի և Երասխ, ինչը զգալիորեն կբարձրացնի փոխադրումների հարմարավետության մակարդակը: Այսպիսով, ՀԿԵ-ն ունի արդեն 4 նոր շարժակազմ, և արդիականացման ծրագիրը հետևողականորեն իրականացվում է:

ՀԿԵ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը նշել է, որ կորոնավիրուսի և սահմանների փակման հետ կապված ոչ մի ժամանակավոր դժվարություն չի խանգարել այս ծրագրի իրականացմանը, էլեկտրագնացքները մատակարարվել են խոստացված ժամկետներում և այժմ անհրաժեշտ ստուգումներ կանցնեն:

«Վստահ եմ, որ մեր ուղևորները կգնահատեն հաճելի նորամուծությունները և կընտրեն երկաթուղին՝ հանրապետությունում ուղևորություններ կատարելու համար», – ասել է ընկերության ղեկավարը:

Հաջորդ տարի ՀԿԵ-ը նախատեսում է գնել ևս մեկ նոր էլեկտրագնացք և 50 նոր բեռնատար վագոններ:

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ կառավարության, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ՀՀ-ում ՌԴ դեսպանատան, արտադրող ընկերության ներկայացուցիչները:

Միջոցառման շրջանակներում ՀԿԵ-ն Բաց դռների օր կազմակերպեց մոտ 100 դպրոցականների համար, ովքեր ծանոթացան Երկաթուղու թանգարանի նորացված ցուցահանդեսին, ինչպես նաև ընկերության նոր շարժակազմին: Մոտ օրերս երիտասարդների շրջանում երկաթուղին հանրայնացնելու նպատակով ՀԿԵ-ն դպրոցականների համար նոր էլեկտրագնացքով Երևանից Գյումրի շրջագայություն կկազմակերպի:

ԷՊ2Դ էլեկտրագնացքը լիովին համապատասխանում է ուղևորափոխադրումների անվտանգության բոլոր կանոններին: Հայաստանի համար ընտրվեց էլեկտրագնացքի 2-վագոնանոց մոդիֆիկացիան, որն առավել հարմար է հայաստանյան պայմաններին:

Ունի օդափոխման, մանրէազերծման, հակահրդեհային, անվտանգության համակարգեր: Յուրաքանչյուր վագոնում տեղադրված էկրաններին երևում է երթուղու մասին ընթացիկ տեղեկատվությունը:

Գնացքը հարմարավետ է բոլորի, այդ թվում՝ հենաշարժողական խնդիրներ ունեցող ուղևորների համար։ Գնացքում ծխելն արգելվում է:

2020 թվականի առաջին կիսամյակում ՀԿԵ-ը ներհանրապետական հաղորդակցությունում տեղափոխել է 137 հազար ուղևոր, իսկ 2021 թվականի նույն ժամանակահատվածում ՝ գրեթե 180 հազար ուղևոր ՝ ապահովելով 31% աճ:

«ՀԿԵ» ՓԲԸ-ն  հանդիսանում  է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:

Related posts

ՔՊ վարչության նիստում քննարկվել են կուսակցական, քաղաքական և հանրային կարևորություն ունեցող հարցեր

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բացառապես պետական հանձնաժողովների համատեղ աշխատանքների շրջանակներում․ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Աննա Հակոբյանը բարձրագույն կրթությունը կշարունակի Չինաստանում, Մարինե Հակոբյանը կսովորի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում