Երկու երկրների միջև սահմանի սահմանազատումը և սահմանագծումը պետք է իրականացվի որպես կողմերի միջև բանակցությունների մի մաս. Ֆրանսիայի ԱԳՆ

Ֆրանսիան իր խորը մտահոգությունն է հայտնում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին միջադեպերի աճի կապակցությամբ, որոնցից ամենաթարմը 2021 թվականի մայիսի 26-ի լույս 27-ի գիշերը ադրբեջանական ուժերի կողմից 6 հայ զինվորների գերեվարումն է: Այդ մասին ասված է Ֆրանսիայի ԱԳ նախարարության տարածած հայտարարության մեջ:

«Ֆրանսիան կողմերին կոչ է անում առավելագույն զսպվածություն ցուցաբերել և զերծ մնալ ցանկացած սադրանքից: Երկու երկրների միջև սահմանի սահմանազատումը և սահմանագծումը պետք է իրականացվի որպես կողմերի միջև բանակցությունների մի մաս, առանց որևէ հետագա գործողության»,- ասված է հայտարարության մեջ:

Ֆրանսիայի ԱԳՆ-ն նաև հիշեցնում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ մայիսի 13-ի հայտարարությունը:

Ելիսեյան պալատը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հեռախոսազրույցի առնչությամբ հայտարարել էր, որ տարածաշրջանում կայունության և անվտանգության վերականգնման նպատակով իրավիճակը հնարավոր է կարգավորել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջոցով։

«Էմանուել Մակրոնը վերահաստատել է Ֆրանսիայի հավատարմությունը Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության նկատմամբ և ընդգծել է Հայաստանի սուվերեն տարածքից ադրբեջանական զինված ուժերի անհապաղ դուրսբերման անհրաժեշտությունը»մ- ասված էր Ելիսեյան պալատի հայտարարության մեջ:

Related posts

Մամիկոն Ասլանյանն ընտրվել է ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Սարատովը․ վնասվել են բնակելի տներ, տուժել է 10 մարդ

Գործակարգավարական խորհրդակցություն ՏԿԵՆ-ում. Դավիթ Խուդաթյանը ներկայացրել է նորանշանակ փոխնախարարին