Երբ Հայաստանի ղեկավարությունը ճանաչեց Լեռնային Ղարաբաղը որպես ադրբեջանական, Ռուսաստանի դեմ պահանջները տեղին չեն. Զախարովան պատասխանել է Փաշինյանին

«Այն բանից հետո, երբ Հայաստանի ղեկավարությունը ճանաչեց Լեռնային Ղարաբաղը որպես ադրբեջանական, ջանքերի բացակայության մասին Ռուսաստանի դեմ ցանկացած պնդում անտեղի է»,-այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նա նշել է, թե Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերման մասին փաստարկները բացարձակապես անհասկանալի են, հատկապես ներկայիս ծայրահեղ ծանր հումանիտար իրավիճակի ֆոնին․ «Սա պարոն Փաշինյանի՞ ցանկությունն է։ Հայտնի է, որ խաղաղապահները կարևոր գործառույթներ են կատարում։ Իսկապե՞ս այդ ակտիվությունն ավելորդ է ու անցանկալի Հայաստանի ղեկավարության տեսանկյունից, և նրանք ցանկանում են, որ այն վերանա»։

Զախարովան նաև նշել է, որ Հայաստանի ղեկավարությունը հաճախ ոչ միանշանակ դիրքորոշում է ընդունում մի շարք առանցքային հարցերի շուրջ, սակայն «ես ցանկանում եմ, որ այս հարցում երկիմաստություն չլինի»։

Նա հայտարարել է, որ Ռուսաստանը շարունակում է շահագրգռված լինել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացն առաջ մղելու հարցում։

«Ավելին, խոսակցություններն այն մասին, որ Ռուսաստանի Դաշնության հատուկ գործողության ֆոնին Մոսկվայի համար արտաքին քաղաքականության որոշ ոլորտներ պակաս առաջնահերթ են դարձել, փաստացի հիմքեր չունեն։ Դուք պետք է առերեսվեք ճշմարտության հետ: Հավանաբար, դրանք արժեքային դատողություններ են, անձնական կարծիքներ, գուցե, հույզեր, բայց դուք պետք է լսեք փաստերը», – ասել է Զախարովան:

Related posts

Անահիտ Ավանեսյանը գործատուների հետ քննարկել է 200000 դրամից պակաս աշխատավարձ ստացող աշխատողներին առողջության ապահովագրության համակարգ ընդգրկելու ընթացակարգը

Սահմանապահ զորքերում ամփոփվել են 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները. տրվել են ցուցումներ՝ ծառայության արդյունավետության բարձրացման ուղղությամբ

COP17-ին ընդառաջ ԲԸՏՄ-ում քննարկվել են Վայոց ձորի բնապահպանական ծրագրերը